Երկու դիտարկում 2018թ. ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Կա անհրաժեշտություն ՀՀ արտաքին դիվանագիտությունում առավել շեշտադրումներ կատարելու ոչ գծային քաղաքականության կամ մոտեցումների վրա։

 

Այս տրամաբանությամբ աշխատանքներ ունենք իրականացնելու արմատական հակահայկական դիրքորոշումներով առանձնացող երկրների՝ Պակիստանի և Սաուդյանի Արաբիայի հետ՝ առավել ուշադրություն դարձնելով "փափուկ ուժ"-ի բանեցմանն ու մանևրելու հնարավորությունների վերհանմանը։ Մերձավորարևելյան քաղաքականությունում էապես կարևորվում է ՀՀ արտաքին քաղաքականությունում Իրան-Իսրայել ձևաչափի հավասարակշռման հարցը՝ զարգացնելով համագործակցությունը Իրանի հետ, խորացնել երկխոսությունը Իսրայելի հետ։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական գործակցության հարցերին։ Հայ-իսրայելական հարաբերություններում կարևոր նշանակություն է ձեռքբերում հակաթուրքական վեկտորը՝ ի դեմս Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքի։ Ի դեպ, վերջերս նաև զարգացում է ապրում Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափը։


ՀՀ արտաքին դիվանագիտության հեռանկարային ուղղություններից մեկը Չինաստանն է։ Հայաստանը կարող է և պետք է ակտիվացնի իր քաղաքականությունը չինական ուղղությամբ, որպեսզի Չինաստանի հարավկովկասյան ուղղությունում հնարավորինս ամրագրվի հայկական կողմի դերակատարությունը։ Հայաստանն այս առումով անելիքներ ու ռեսուրսներ ունի մասնավորաբար ԵԱՏՄ-ՉԻնաստան, Չինաստան-Իրան ձևաչափերի զարգացման հարցերում։