Դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում Սերժ Սարգսյանը: Հայ-վրացական բարձր մակարդակի փոխայցերը ունեն մշտական կարևորություն, հաշվի առնելով երկկողմ հարաբերության փոխադարձ ռազմավարական կարևորությունը, առավել ևս դրանով հանդերձ առկա բավական նուրբ խնդիրները:
Այս այցը բավականին ճիշտ ժամանակին է, քանի որ այցի նախօրյակին Վրաստանի վարչապետ Գեորգի Կիվիրիաշվիլին հանդես էր եկել հայարարությամբ ըստ որի' ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը և նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով (ներկայումս Լարսում խցանման մեջ է գտնվում 385 բեռնատար): Նա նաև նշել էր, թե Վերին Լարսի արտակարգ իրադրության պայմաններում Հայաստանն ու Թուրքիան էլ կարող են օգտվել հարավօսական ճանապարհից:
Վրաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների պահպանումն ու զարգացումը միշտ եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Վրաստանում գոհ չեն ՌԴ հետ մեր ռազմավարական հարաբերություններից, իսկ ՀՀ-ում լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Վրաստանը գնալով խորացնում է իր դաշնակցային կապերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ոլորտներում: Վերջերս գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին դրա ամենավառ վկայությունն է:
Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող ռուս-վրացական բանակցությունները, որոնք միտված են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը և մասնավորապես ՌԴ և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելուն, կարծես թե, տալիս են արդյունքներ: Երկկողմ համաձայնության հասնելուց հետո երկու երկրները պետք է պայմանագիր ստորագրեն շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականցնի մի կողմից՝ ռուս-աբխազական և ռուս-հարավօսական, մյուս կողմից էլ՝ վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմաններին:
Այս երկկորղմ հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն ունի ռուսական գործոնը, թե ինչպես Ռուսաստանը կվերաբերվի նման հարաբերություններին:
Վրաստանի վարչապետի հայտարարությունը դրական ազդակ է հայ-վրացական հարաբերության համար: Փաստենք, որ Սարգսյանի այցը Վրաստան տեղի է ունենում Թբիլիսիից ստացված երկու դրական՝ տնտեսական և քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական կարևորություն ունեցող ազդակներից հետո: Վրաստանի վարչապետը խոսելով տրանսպորտային միջանցքի գործարկման հնարավորության մասին, ասել էր, որ Ռուսաստանը դնում է քաղաքական պայմաններ, որոնք ընդունելի չեն Թբիլիսիի համար: Կարելի է եզրակացնել, թե արդյոք վրացական կողմն այդ հարցում ակնկալում է Երևանի միջնորդությունը, որպեսզի փոխվի ՌԴ դիրքորոշումը:
Նախագահ Սարգսյանը Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանը պետք է օգտագործի ՀՀ հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը իր արտադրանքը ԵՏՄ շուկաներում վաճառելու համար: Նախագահի այս հայտարարությունը կարևոր է նաև այն առումով, որ ՀՀ տարանցիկության փաստը շեշտվում է Իրանի ԱԳնախարարի այցից հետո, ինչն իր մեջ բավականին խորքային հիմքեր ունի: ՀՀ-ն հստակ կարող է կապող օղակ հանդիսանալ Իրան-Վրաստան հանգույցի համար:
Հայ-վրացական բարձր մակարդակի հերթական հանդիպումը կարող է ունենալ օրակարգ, որի հետագա իրագործումը շրջադարձային կլինի Հարավային Կովկասի համար: Հարկ է ընդգծել, որ այս հանդիպումն առաջինն է Հայաստան-ԵՄ շրջանակային պայմանագիրը վավերացնելուց հետո: Այստեղ առանցքային է իհարկե ՌԴ մոտիվացվածությունը, և այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, և դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում:
Արմեն Հովասափյան