Հայաստանը 2010թ.-ից բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013թ. հուլիս ամսին բանակցություններն ավարտվեցին, իսկ սեպտեմբերի 3-ին այն տապալվեց, քանի որ որոշվեց բռնել ԵԱՏՄ-ին ինտեգրացիայի ճանապարհը: Այսինքն, եթե ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի ճանապարհը չբռնեինք, ապա կստորագրեինք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։
2015թ. տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության բնակչության թիվը մոտ 183.0 միլիոն է, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն)՝ 4,360.4 մլրդ ԱՄՆ դոլար: Մինչդեռ Եվրոպական միության բնակչությունը 510.0 միլիոն մարդ է, իսկ ՀՆԱ-ն՝ 16,220.0 մլրդ դոլար: Առաջինը բաղկացած է 5, իսկ երկրորդը 28 անդամ պետություններից: Կոպիտ ասած՝ ԵՄ-ը, ունենալով մոտ 3 անգամ ավելի շատ բնակչություն, քան ԵԱՏՄ-ը, տալիս է մոտ 4 անգամ ավելի շատ համախառն ներքին արդյունք: Հետևաբար ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն զգալիորեն (2.4 անգամ) ավելի շատ է, քան ԵԱՏՄ-ում:
-ԵԱՏՄ երկրների դեպքում համապատասխան ցուցանիշները բացարձակապես տարբեր են: ԵԱՏՄ-ում 2016թ. մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵԱՏՄ անդամ ամենահարուստ պետության՝ Ռուսաստանի Դաշնության կողմից և կազմել է 26,490.0 դոլար, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ղրղզստանում՝ կազմելով 3,521.0 դոլար: Իսկ ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵՄ անդամ Լյուքսեմբուրգում՝ կազմելով 104,003.0 դոլար, ամենացածր ցուցանիշը՝ Բուլղարիայում՝ 20,327.0 դոլար: Այսինքն ԵՄ ամենաբարձր ցուցանիշը գերազանցում է ԵԱՏՄ-ի ամենաբարձր ցուցանիշին մոտ 4 անգամ, իսկ ամենացածր ցուցանիշը՝ մոտ 6 անգամ: Հետևաբար, թե՛ ընդհանուր տնտեսական ներուժի և թե՛ բնակչության տնտեսական կացության տեսանկյունից ԵԱՏՄ-ը շատ հեռու է ԵՄ-ից:
ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի առյուծի բաժինը` 86.2 %-ը, պատկանում է ՌԴ-ին: Մինչդեռ ԵՄ դեպքում նմանօրինակ ցուցանիշ գոյություն չունի: 2015թ. ԵՄ 5 ամենախոշոր տնտեսությունները (Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան) միասին կազմել էին Եվրամիության համախառն ներքին արդյունքի մոտ 80.3 %-ը: Հետևաբար որևէ կոնկրետ երկիր չունի բացարձակ տնտեսական գերակշռություն ԵՄ-ում: Սա նաև ամրացնում է ԵՄ երկրների դիվանագիտական կառույցների փոխշահավետ եզրահանգումների գալու ներուժը՝ որևէ երկրի թույլ չտալով դառնալ իրավիճակի միանձնյա տեր (ինչպես ԵԱՏՄ դեպքում Ռուսաստանն է): Ռուսաստանի՝ իրավիճակի միանձնյա տեր լինելու հանգամանքը խոչընդոտում է ներքին առողջ ինտեգրացիան ԵԱՏՄ անդամ երկրների միջև՝ զոհասեղանին դնելով փոքր երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը: