Որոշ փորձագետների կարծիքով, Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը ծնվել է Ռուսաստանի համար օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նրանք շեշտում են, որ ժամանակակից աշխարհը տնտեսական խոշոր խմբավորումների աշխարհ է:

 

Դրանցից ամենամեծը Եվրամիությունն է. նրա կազմի մեջ մտնող երկրների փոխադարձ ինտեգրման արդյունքում Ռուսաստանի սահմանների մոտ հայտնվում է 500 մլն բնակչություն և 15 տրլն դոլարի հավասար համախառն ներքին արդյունք ունեցող մի վիթխարի կայսրություն: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում ապրում է մոտ 140 մլն մարդ, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2 տրլն դոլարից փոքր-ինչ ավելի է: Փորձագետներն իրավամբ նկատում են, որ այս պայմաններում Ռուսաստանը կարող է վերածվել իր արևմտյան հզոր հարևանի հումքային կցորդի. չէ՞ որ Ռուսաստանն իր ապրանքների ավելի քան 50%-ը վաճառում է Եվրոպային, վաճառածի մեծ մասն էլ հումք է:

 


Մյուս կողմից Ռուսաստանին սահմանակից է Չինաստանը' 1.3 մլրդ բնակչությամբ և 11 տրլն դոլար ՀՆԱ-ով: Ի տարբերություն Եվրամիության' ՉԺՀ-ն զարգացող երկիր է և ակնկալվում է, որ նրա հզորությունը մեծանալու է: Մինչդեռ ռուսական Հեռավոր Արևելքը շարունակում է դատարկվել, իսկ նրան սահմանակից չինական նահանգների բնակչության քանակը մոտ 200 մլն է:

 


Եթե Ռուսաստանը այլ պետությունների հետ ինտեգրման ճանապարհով արագորեն չավելացնի իր բնակչության քանակն ու ՀՆԱ-ն, ի վիճակի չի լինի համաշխարհային շուկայում դիմանալու տնտեսական և գիտատեխնիկական մրցակցությանը և կվերածվի իր հզոր հարևանների կիսագաղութի: