Ադրբեջանը սկսել է նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումը, որոնք կարող են ոչնչացնել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։

Նա նշել է, որ սկսվել է կումուլյատիվ մարտագլխիկնեով ԱԹՍ–ների թեստավորումը։
Ջամալովի խոսքով, այդ ԱԹՍ–ները կարող են ինքնուրույն գտնել և ոչնչանել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկա», բացի այդ մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում էլեկտրամագնիսական զենք ստեղծելու ուղղությամբ։Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում թուրքական Ասելսան ընկերության հետ'մի շարք ուղղություններով ռազմական համագործակցության շուրջ։

Նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների' հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում(корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը' Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային'օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական' միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։
Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն' Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ մարդկային գործոնը բացառել' կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները' գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։

Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական' ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով' հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն' Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։