Սմարթֆոնները բազմաֆունկցիոնալ գործիքներ են, որոնք կարող են ծառայել ոչ միայն զանգելու և զանգեր ստանալու, այլ շատ այլ օգտակար բաների համար։ Սակայն երբեմն այնպես է պատահում, որ դրանց մեկ ուրիշ նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է լինում հավելյալ գումար ծախսել ու լրացուցիչ սարքավորումներ անել։ Բայց գիտե՞ք, որ առանց գումար ծախսելու էլ հնարավոր է սմարթֆոնը վերածել, օրինակ, որակյալ ֆոտոխցիկի և բարձրախոսի։
Ահա, ձեզ ենք ներկայացնում սմարթֆոնների հետ կապված լայֆհաքեր, ասել է, թե՝ օգտակար հնարքներ։
Ինչպես գեղեցիկ լուսանկարներ անել
Մեր օրերում կան հազարավոր հավելվածներ, որոնց միջոցով կարող եք ձեր լուսանկարները խմբագրել, ֆիլտրեր ու էֆեկտներ ավելացնել և այլն։ Բայց ի՞նչ կասեք հենց հեռախոսի տեսախցիկի վրա ֆիլտրեր դնելու մասին։
Անհրաժեշտ է ընդամենը մի շերտ ինքնակպչուն ժապավեն փակցնել տեսախցիկի վրա, ապա վերցնել տարբեր գույների մարկերներ և ներկել այն։ Արդյունքում կստանաք հետաքրքիր էֆեկտներով լուսանկարներ։
Հեռախոսի VR ակնոցներ
Վիրտուալ իրականությունն օրեցօր ավելի լայն տարածում է գտնում աշխարհում։ Շատ խաղեր և վիդեոհոլովակներ նախատեսված են հենց վիրտուալ իրականության ակնոցներով դիտելու համար։ Չնայած դրանք բավականին թանկ են, մենք առաջարկում ենք այն սարքելու հեշտ եղանակ։ Համացանցում փնտրեք VR ակնոցի կաղապար, տպեք այն, անհրաժեշտ մասերը սոսնձեք իրար, ապա ավելացրեք երկուռուցիկ ոսպնյակներ։ Ակնոցները պատրաստ են։
Խաղային կառավարման վահանակ՝ ձեր իսկ հեռախոսի վրա
Միշտ ցանկացե՞լ եք հեռախոսի վրա կառավարման վահանակ ամրացնել (joystick/джойстик)։ Ահա, թե ինչպես կարող եք այն անել։ Անհրաժեշտ է սուր դանակի միջոցով պլաստմասե շշից մի քանի շրջանաձև շերտեր հանել, ապա վերցնել սպունգի փոքր կտոր, այն փաթաթել ալյումինե թիթեղով՝ ստանալու փոքրիկ գունդ։ Ալյումինե թիթեղով պատված գունդը սոսնձեք պլաստմասե շրջանակին, ապա ռետինե թելով հագցրեք հեռախոսի վրա։ Վերջում ընդամենը միացրեք ցանկացած խաղ և վայելեք ձեր ձեռագործ վահանակը։
Ինչպես խոշորացված նկարներ անել
Ցանկանում եք մանր օբյեկտներ նկարել, սակայն ձեր հեռախոսի տեսախցիկը թո՞ւյլ է։ Անհանգստանալու կարիք չկա, քանի որ խնդիրը կարող եք շտկել ընդամենը մեկ խոշորացնող ոսպնյակի միջոցով։ Դրեք այն տեսախցիկի վրա, որևէ առարկայով, օրինակ՝ մազակալով, ամրացրեք, և ամեն ինչ պատրաստ է։
Ստիլուս գրիչ
Ժամանակին սմարթֆոնների ու պլանշետների ստիլուս գրիչները շատ ավելի տարածված էին, սակայն այսօր մարդիկ սկսել են ավելի քիչ օգտագործել դրանք։ Սակայն եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ձեր իսկ ձեռքերով պատրաստել ստիլուս գրիչ, ապա վերցրեք սովորական գրիչ կամ մատիտ, պատեք այն ալյումինե թիթեղով և վերջ։ Սմարթֆոնը կարող եք արդեն կառավարել ոչ միայն մատներով, այլև ստիլուս գրիչով։
Ինչպես հեռախոսով ավելի բարձր երաժշտություն լսել
Դուք է՞լ եք բողոքում ձեր հեռախոսի ցածր բարձրախոսներից, մանավանդ երբ ցանկանում եք բարձր երաժշտություն լսել, սակայն հեռախոսի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս։ Այս խնդիրն արդեն լուծված է։ Վերցրեք ապակյա բաժակ, հեռախոսը դրեք դրա մեջ և միանգամից կզգաք տարբերությունը։