Երուսաղեմի շուրջ ծավալվող զարգացումներում ուշագրավ է հատկապես Իրանի դիրքորոշումը։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունն առաջին հայացքից տրամաբանորեն պետք է լրջորեն անհանգստացներ հե՛նց պաշտոնական Թեհրանին, քանի որ Իրանը այն բացառիկ պետություններից է, որը Իսրայել պետության և հրեության հարցում հանդես է գալիս ամենաարմատական դիրքերից՝ չճանաչելով առհասարակ Իսրայել պետության գոյությունը։
Սակայն փաստն այն է, որ ի տարբերություն Թուրքիայի, իրանական կողմն առայժմ սահմանափակվում է բավական զուսպ, զգուշավոր և ոչ այնքան աղաղակող հայտարարություններով։
Ստամբուլում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրների արտակարգ գագաթնաժողովին նույնպես իրանական կողմը սահմանափակվել է Թրամփի հայտարարության առնչությամբ արաբական-մուսուլմանական երկրների դիրքորոշմանն իր աջակցությունը հայտնելու հայտարարությամբ։