Դեկտեմբերի 10-ից 12-ը ԱԺ Հայաստան-Իրան բարեկամանական խմբի պատվիրակության կազմում Թեհրանում էի։ Ցանկանում եմ մի քանի տպավորություն կիսել Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ, որը պատվիրակության մյուս անդամները կարող են եւ չկիսել։
Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են լճացման վիճակում։ Եթե իրավիճակում էական փոփոխություններ տեղի չունենան, առաջիկայում հայ-իրանական ոչ մի լուրջ երկկողմ նախագիծ չի իրագործվելու, եղածների ընթացքն էլ դանդաղելու, լճանալու է։ Պատճառն այն է, որ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում Իրանի մոտիվները արգելակվել են եւ սա տեղի է ունեցել երեք հիմնական պատճառով․
1․ Սիրիայի եւ Մերձավոր արեւելքի մի շարք կնճռոտ հարցերի վերաբերյալ Թուրքիայի եւ Իրանի դիրքորոշումները մերձեցել են եւ սա հետհարվածով որոշակի ազդեցություն է ունենում Իրան-Հայաստան հարաբերությունների վրա եւ այդ ազդեցությունը որոշակի գործնական հետեւանքներ արդեն իսկ ունենում է եւ առաջիկայում էլ կունենա։ Ակտիվանում են նաեւ Իրան-Ադրբեջան կապերը եւ Իրան-Թուքիա մերձեցումը նպաստում է դրան։ Այս պրոցեսին նպաստում է նաեւ այն, որ Ռուսաստանը որպես լիարժեք կողմ՝ Սիրիայի հարցով եռյակի մեջ է Իրանի եւ Թուրքիայի հետ, իսկ այսպես կոչված Հյուսիս-Հարավ նախագծի հարցով՝ Իրանի եւ Ադրբեջանի հետ։
2․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամացությունից հետո Իրանն առանձնապես տրամադիր չէ Հայաստանի հետ երկկողմ հարցեր քննարկել։ Նրա համար շատ ավելի հետաքրքիր է հարցերը քննարկել ԵԱՏՄ-ի հետ, որտեղ Հայաստանը շատ փոքր տեղ է զբաղեցնում եւ ամենեւին էլ որոշիչ դերակատարում չունի։ Եթե նույնիսկ ունի, Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը Իրանին ավելի հարմար է քննարկել ԵԱՏՄ-ի ֆորմատով, որովհետեւ այստեղ խոսակցությունն ավելի մեծ է եւ ներառում է նաեւ Հայաստանը։ Բայց այս ֆորմատով Հայաստանի շահը առնվազն մենակ չէ եւ հավասարակշռվում, եթե չասենք՝ հակակշռվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի շահերով։ Այս երկրներից շատերի շահերը հակոտնյա են Իրան-Հայաստան երկկողմ նախագծերի շահերին։
Ասվածը չի նշանակում, թե Իրանը դադարել է Հայաստանի բարեկամ երկիր լինել։ Ոչ ամենեւին։ Պարզապես այդ բարեկամությունն, իմ կարծիքով, առաջիկայում կլինի ամուլ եւ որպես հետեւանք՝ ռեգրես կապրի։ Սա չափազանց մտահոգիչ է, որովհետեւ կարող է հանգեցնել ԼՂ հարցում Իրանի հավասարակշռող դերակատարման խախտման՝ ոչ հօգուտ Հայաստանի։
Նշեմ նաեւ, որ Իրանում մեր ունեցած հանդիպումների մասին կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ ԱԺ պաշտոնական կայքից՝ parliament.am: Գրառմանս նպատակը տպավորություններ կիսելն է եւ արձանագրելը, որ խնդրի հաղթահարումը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Լուծումների մասին այս պահին չեմ խոսում։ Դրանց կանդրադառնամ հետագայում։