-«Ի՞նչ է նշանակում քեզ համար Երուսաղեմը», -հարցրեց Բալիանը։
-«Ոչինչ, և ողջ աշխարհը» -պատասխանեց Սալահ ադ-Դինը։
«Երկնային արքայությունը» ֆիլմից

Երուսաղեմը միայն հրեաներինը չէ, այն նույնքան պատկանում է հրեաներին, որքան էլ՝ մուսուլմաններին և քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։ Երուսաղեմի հայկական ներկայությունը մշտապես պետք է պահպանվի, դա է պահանջում մեր ազգային շահը։ Երուսաղեմը չի կարող պատկանել միայն մեկ ազգի կամ կրոնական ամբողջության, Երուսաղեմը բոլորինն է, անկախ նրանից, ում տիրապետության տակ է այն գտնվում։ 


Ինչ վերաբերում է քաղաքական առկա իրավիճակին, ապա Դոնալդ Թրամփի հայտարարությունն՝ ԱՄՆ-ի դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելուն, մեղմ ասած, անհեռատես քայլ է, քանզի, միգուցե, որոշ պատեհապաշտական նկրտումներից ելնելով, Միացյալ Նահանգների նախագահին անհրաժեշտ է ձեռք բերել հրեաների աջակցությունը, բայց, մյուս կողմից, այս քայլով Թրամփը ԱՄՆ-ի դեմ վերջնականապես լարում է մուսուլմանական աշխարհը, մանավանդ՝ արաբներին, ովքեր հնարավոր է, ի վերջո, թեքվեն Ռուսաստանի կողմը՝ տեսնելով վերջինիս հաղթանակը Սիրիայում։ Իր հերթին, Եվրոպայի արձագանքը նույնպես բացասական է, ում ձեռնտու էր առկա ստատուս-քվոն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Այս պարագայում դեսպանատան տեղափոխությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների՝ ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական տիրույթներում։