ԱՄՆ–ը նախագահ Դոնալդ Թրամփն որոշում է կայացրել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք ու Թել–Ավիվից այնտեղ տեղափոխել ԱՄՆ–ի դեսպանատունը։
Ինչպես գիտենք արաբա–իսրայելական կարգավորման կենտրոնական հարցերից մեկը Երուսաղեմի կարգավիճակն է'այդ քաղաքը սուրբ է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ հրեաների ու մահմեդականների համար։ Երուսաղեմի նկատմամբ հավակնություններ ունի Պաղեստինը։

ԱՄՆ–ի այդ որոշումն արդեն իսկ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում, Իսրայելի հարևան իսլամական երկրներում, ինչպես նաև բուն պաղեստինյան տարածքում'Արևմտյան ափում ու Գազայի հատվածում։

Թրամփն իր որոշումով կարող է միավորել արաբական, մահմեդական աշխարհն ընդդեմ Իսրայելի'արաբական փողոցը ստիպելու է իր կառավարություններին ավելի խիստ դիրքորոշում որդեգրել Իսրայելի նկատմամբ, հնարավոր է անգամ խզել տնտեսական կապերը, պայմանագրերը, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ'Իսրայելի հետ միասին հակաիրանական ճակատի ստեղծումը կարող է խափանվել'իսլամական երկրներում այլևս ընդունելի չի լինի համագործակցել'անգամ կուլիսներում, Իսրայելի հետ, քանի որ առաջ է եկել մահմեդականների համար սուրբ քաղաք համարվող Երուսաղեմի հարցը։

Դժվար թե մահմեդական, Իսրայելի հարևան արաբական երկրները ռազմական գործողություններ սկսեն հրեական պետության դեմ'Իսրայելը միջուկային պետություն է, ԱՄՆ–ի թիվ մեկ դաշնակիցներից մեկը, ունի հզոր բանակ ու հատուկ ծառայություններ։ Հնարավոր է, որ հարևանները սահմանափակվեն հակահրեական , հակաիսրայելական հռետորաբանությամբ, սակայն, օրինակ Իրանը, որն Իսրայելին դիտարկում է, որպես թիվ մեկ հակառակորդ, օգտվի ԱՄՆ–ի քայլից ու փորձի միավորել մահմեդական աշխարհը հակաիսրայելական դրոշի ներքո'ստանալով դիվիդենտների իր չափաբաժինը։

Թեհրանը կարող է ոտքի հանել առանց այն էլ դժգոհությունների լիցք կրող պաղեստինցերին'Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի օգնությամբ նոր «ինթիֆադա» սկսի Իսրայելի դեմ, իսկ Հզբոլահն ու Հոլաններում շիական ուժերը Իսրայելի համար ռազմական նոր ճակատ բացեն։Եվս մեկ ճակատ կարող է Իսրայելի համար բացվել Սինայի թերակղզուց'իսլամիստական ուժերի ու տարբեր խմբավորումների կողմից։