Ինքն իրեն «Օձերի գլուխների վրա պարող» համարող նախագահը իշխանության էր շուրջ երեսուներեք տարի: Այդ ընթացքում նրան հաջողվեց միավորել Հարավային և Հյուսիսային Եմենները և հրապարակից հանել իր բոլոր մրցակիցներին կամ այլախոհներին: Չափազանց բարդ էթնիկ, քաղաքական և աղանդային միջավայրում Սալեհը կարողացավ երեք տասնամյակների ընթացքում իր ձեռքում կենտրոնացնել երկրում բացարձակ իշխանությունը և խաղալ թե՛ Արևմուտքի և թե՛ հարևան սաուդցիների հետ: Արաբական կեղծ «գարունը» հեռացրեց նրան պաշտոնական իշխանությունից, որովհետև երկրի նոր սերունդը հոգնել էր միևնույն դեմքից, և փոխարինեց նրան իր փոխնախագահով, որի դեմ նոր արշավ սկսեց Սալեհը: Եվ մինչդեռ նախագահական նստավայրը զբաղեցնում էր Հադին, Սալեհը միացավ իր ոխերիմ թշնամիներին՝ Զայեդի Շիա «Հութիներին» և նրանց հետ միասին հետ գրավեց մայրաքաղաք Սանաան: Նախկին նախագահի կարգավիճակում Սալեհն ավելի մեծ իշխանություն ուներ երկրի ռազմական միավորումների վրա քան գործող նախագահը, որ փախավ Սաուդյան Արաբիա և արքայազն Մոհամադ բին Սալմանի օգնությամբ ռազմական արշավ սկսեց սեփական երկրի դեմ: Սալեհը մինչ այդ վեց անգամ ճամբար էր փոխել և բարդ, բազմաստիճան քաղաքական խաղերի արդյունքում միշտ հաղթող էր դուրս եկել: Անցյալ շաբաթ Սալեհը զգաց, որ սաուդցիներն արնաքամ են արել Եմենը և մոտ են տարածքային հաղթանակին և խզեց կապերը սեփական թշնամի-դաշնակից Հութիների հետ: Սկսվեց հակամարտություն արդեն նախկին զինակիցների շրջանում, որ նշանավորեց Սալեհի յոթերորդ ճամբարափոխությունը: Սալեհն արդեն մոտ էր բացահայտորեն սաուդցիների կողմն անցնելուն, երբ Հութիները, ամենայն հավանականությամբ, լուրջ հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին նախկին նախագահի ավտոշարասյունը և Սանաայից քառասուն կիլոմետր հեռավորության վրա կանգնեցնելով այն՝ ուուղղակի ճամփեզրին՝ ավազի ու փոշու մեջ գնդակահարեցին երկրի նախկին և անպարտելի տիրակալին: Այդպես ավարտվեց մեկ այլ անապատի աղվեսի՝ Ալի Աբդալլահ Սալեհի երկարատև իշխանության և անվերջ հաղթանակների շղթան: Մարդը, որն անպարտելի էր, անգերազանցելի դիվանագիտության և քաղաքական բարդագույն մանիպուլիացիաների գործում՝ իր վերջը գտավ անփառունակ մի բեռնատարի ետնախցիկում:
Դրանով, անշուշտ, փոխվում է իրերի դրությունը Եմենում: Երկիրը, որ այլևս պաշտոնապես ձախողված պետություն է՝ այս իրադարձությամբ կմոտենա քաղաքական պայքարի որոշակի հանգուցալուծման: Սալեհի աջակիցներն ու զինմիավորումները կա՛մ կանցնեն իրենց առաջնորդին սպանած և այս պահին հաղթական Հութիների կողմը, կա՛մ ուղղակիորեն կկազմակերպվեն և ստանալով իրենց մի քանի օր առաջվա թշնամի սաուդցիների հսկայական աջակցությունը՝ կարշավեն մայրաքաղաքի վրա՝ դրանով վերջ դնելով Զայեդիների իշխանությանը երկրի մի մասում և մայրաքաղաքում: Մինչ Սալեհի սպանությունը՝ սաուդցիներն, անշուշտ, տարածքային նվաճումներ էին ունենում, բայց ձախողում էին պատերազմը՝ ատելությունը մեծացնելով իրենց հանդեպ երկրի բնակչության շրջանում: Հիմա նրանք հնարավորություն ստացան իրական հաղթանակ արձանագրելու, եթե նույնքան ապիկար մարտավարություն չվարեն՝ ինչպիսին մինչ Սալեհի սպանությունն էր:
Եմենը դեռ երկար տասնամյակներ չի կարող խաղաղվել: Եվ այս աղքատ երկրում, որտեղ ջախջախվել են բոլոր օտարերկրյա բանակները՝ նոր անուղղակի ճակատամարտը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դեռևս առջևում է: Եվ առաջիկա մեկ-երկու ամիսներն են, որ կկանխորոշեն այս երկրի հետագա տասնամյակների ճակատագիրը: