Շա՜տ հետաքրքիր երևույթ է քաղաքականությունը՝ հաճախ լի անկանխատեսելի անակնկալներով: Երբ ս.թ. հունիսի սկզբին Իրաքի քրդական տարածաշրջանի իշխանությունները հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մասին, դրանից հետո՝ ավելի քան 3 ամիս, ինչպես Իրաքի դաշնային կառավարությունը, այնպես էլ մերձավորարևելյան և արտատարածաշրջանային բազմաթիվ դերակատարներ տարբեր աստիճանի պաշտոնյաների շուրթերով բազմիցս կոչ էին անում պաշտոնական Էրբիլին՝ հրաժարվել քվեարկության նախաձեռնությունից և առկա խնդիրները լուծել Բաղդադի հետ բանակցային հարթությունում: Քրդական կողմի պատասխանը ոչ միայն մերժողական էր, այլև հանրաքվեի միջոցով Էրբիլը ձգտում էր ավելի բարձրացնել սեփական դիրքորոշման գինը, որը, սակայն, գահավիժեց շատ ավելի արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ զրոյացնելով առնվազն անցած 3 տարիների ընթացքում քրդերի տարաբնույթ ձեռքբերումների արժեքը:
Սեպտեմբերի 25-ից հետո մինչև հոկտեմբերի երկրորդ կեսն Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի դեմ իրականացաված համատեղ քաղաքական, տնտեսական, ռազմական ճնշումների արդյունքում շրջանը ոչ միայն զրկվեց տարածքային, տնտեսական լուրջ ձեռքբերումներից՝ հայտնվելով շրջափակման մեջ, այլև հայտնվեց քաղաքական մեկուսացման պայմաններում. Իսկ իրավական տեսանկյունից ստեղծված իրավիճակն ամրագրվեց Իրաքի գերագույն դատարանի վճռով՝ Իրաքի քրդական տարածաշրջանում անցկացված հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ. ի դեպ, նշված որոշումն առաջինը ճանաչող կողմերից մեկն էլ Էրբիլն էր:
Իսկ այսօր արդեն Իրաքյան Քրդստանի ներկա և նախկին ցանկացած պաշտոնյա ամեն պատեհ-անպատեհ առիթի դեպքում՝ հատկապես միջազգային բնույթի որևէ հանդիպման ընթացքում, կոչ է անում, կամ խնդրում միջնորդել, ազդել կենտրոնական կառավարության վրա՝ երկրի սահմանադրության հիման վրա բանակցային գործընթաց սկսելու հարցում: Ի պատասխան՝ հիմա էլ պաշտոնական Բաղդադն է թանկացնում սեփական դիրքորոշումը, ընդ որում՝ բառի ամենաուղղակի իմաստով՝ Իրաքի 2018 թ. բյուջեի նախագծում Քրդական տարածաշրջանին հատկացվող բաժինը սահմանադրությամբ նախատեսված 17%-ից նվազեցնելով 12,6%-ի, իսկ տարածաշրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Եվրոպա մեկնելու համար նախ ավտոմեքմենայով հասնում է Թուրքիա, այնտեղից միայն եվրոպական մայրաքաղաքներ, քանի որ Բաղդադը արգելափակել է Էրբիլից իրականացվող միջազգային ավիաչվերթները:
Այնպես որ, Իրաքյան Քրդստանում և դրա շուրջ տեղի ունեցող վերջին գործընթացները հերթական անգամ հավաստեցին՝ քաղաքականության մեջ ևս շատ իրողություններ բումերանգի էֆեկտ ունեն...