ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Հարգելի պարոնայք,
Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի տարկետման իրավունքով ընդունված թվով յոթ ուսանողներ և նրանց ծնողները՝ ներկայացնելով բողոքն առ այն, որ 29.11.2017-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մեզ՝ նախնական զինվորական պատրաստականության բաժնի 3-րդ և 2-րդ կուրսերի ուսանողներիս, հեռացրել է համալսարանից «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտք ունենալու պատճառով:
Նախ ասենք, որ բուհի և մեր փորձությունները սկսվեցին այն պահից, երբ սույն թվի մայիս ամսին լուծարվեց մեր ֆակուլտետը, և դեկանի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ հենց ինքը՝ պարոն Մինասյանը (տեղյակ չենք` հրամանով թե առանց հրամանի, եթե առանց հրամանի, ուրեմն առ այսօր այդ ֆակուլտետը չունի դեկան, և բաժնի աշխատանքներն ի սկզբանե դատապարտված էին ձախողման):
Ինչպես արդեն նշեցինք, 7 ուսանողներս ունեցել ենք ակադեմիական պարտք «հոգեբանություն» և այլ առարկաներից, սակայն հնարավորություն չենք ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ոչ ոք ի պաշտոնե մեզ չի իրազեկել, որ մենք ենթակա ենք հեռացման, առավել ևս, մեզ համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարումները (դեկանի կարգադրություն չի տրվել, և մեզ ոչ մեկը հեռացման մասին չի իրազեկել): 2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի համաձայն՝ ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը, սակայն մենք զրկված ենք եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները մեզ համար չեն կազմակերպվել առհասարակ:
Սեպտեմբերի վերջին ռեկտորի հրամանով մենք տեղափոխվել ենք հաջորդ կուրս: Յոթ ուսանողներիցս մի քանիսը ռոտացիայի արդյունքում տեղափոխվել է վճարովի համակարգ` պահպանելով տարկետման իրավունքը: Վճարված է նաև այս տարվա վարձավճարը:
Բուհական կրթությունից բացարձակապես անտեղյակ ռեկտորն այստեղ էլ կարող է ասել, որ կարգադրություն չի եղել, սակայն մենք ուզում ենք Ձեզ իրազեկել, որ առանց կարգադրության մեր ազգանունները չէին կարող հայտնվել 3-րդ և 2-րդ կուրս տեղափոխվածների ցանկում, և բնականաբար, մեզանից չէին գանձի ուսման վճարը: Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում:
Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել, և մեզանից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Նոյեմբերի 29-ին ուսանող հեռացնելու բոլոր ժամկետներն արդեն վաղուց անցել են, ինչպես նաև ոչ մի ուսանող նախապես չի տեղեկացվել հեռացման մասին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը` չեղյալ համարել պարոն Սահակ Մինասյանի կողմից տրված հրամանը մեր` բուհից հեռացման մասին և թույլ տալ շարունակել ուսումը և ժամկետներ սահմանել «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտքը վերահանձնելու համար:
Մենք բոլորս մեծ դժվարությամբ ենք հայթայթել վարձավճարների գումարները և վճարել մեր ուսման վարձը՝ հույս ունենալով, որ ստանալով բարձրագույն կրթություն` կկարողանանք հետագայում աշխատանք գտնել և կկարողանանք լուծել մեր և մեր ընտանիքների գոյության հետ կապված խնդիրները: Ստեղծված ճգնաժամը և ռեկտորի բազմաթիվ ապօրինություններն ու անօրինականությունները բացասական ազդեցություն են ունենում թե´ մեր ուսման որակի, թե´ մեր ապագայի վրա, քանի որ ստեղծված բարձիթողի վիճակը հազիվ թե կարող ենք համարել բարձրագույն կրթություն: Լիահույս եղեք, որ սատարելով մեզ՝ սատարում եք Շիրակի մարզի ազգաբնակչությանը:
Նախապես շնորհակալ ենք:
Ստորև ստորագրում ենք`