Ներկայացնում ենք ասմունքող Լիանա Զուրաբյանի բաց նամակը` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Ձեզ դիմում եմ որպես Երևան քաղաքի բնակչուհի: Ես միայնակ մայր եմ, որդիս մեկ տարեկան երեք ամսական է: Չունեմ պետական աշխատանք, և վաստակում եմ իմ ասմունքով, որը միշտ ինքս եմ նախաձեռնում, ոչ մի աջակցություն չեմ տեսնում ո՛չ Մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ մի այլ կառույցից: Միայնակ մայր լինելով` հազիվ հասցնում եմ հոգալ մեր կարիքները: Ես հիմա պետք է աշխատեմ, բայց չեմ կարողանում, քանի որ չունեմ ոչ մի օգնող ուժ ու երեխայիս խնամող:
Ձեզ գրում եմ հետևայլ խնդրանքով՝ նախկինում ավելի հեշտ էր ապրելը, քանի որ միայնակ մայրերին օժանդակում էին ամեն հարցում: Մանկապարտեզներում գործում էր նաև մսուր բաժին: Հիմա մսուրը հանվել է, մեր երկիրը զարգացել է, մեծահարուստներն իրենց երեխաների համար վարձում են անձնական դայակներ: Ոչ մի դայակ 5000 դրամ օրավարձից պակաս չի համաձայնվում աշխատել: Ես մեծահարուստ չեմ, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ սկեսուր, ո՛չ օգնող ազգական, ո՛չ էլ հարուստ սիրեկան: Ես կրում եմ իմ խաչը, և Աստծո տված շնորհով՝ պոեզիայով, հասցնում եմ ծայրը ծայրին: Վստահ եմ, որ որոշ մարդիկ, երբ կկարդան ու նյութի ներքևի հատվածում մեկնաբանություն կգրեն, թե ինչպես եմ մարզվում քաղաքի ամենաբարձր վճարվող սպորտակումբում,ասեմ, որ դա էլ է իմ շնորհով և անվճար է:
Ես չեմ կարող դայակի համար առավոտից երեկո ասմունքել, որ իմ երեխային նայի, կամ գնամ խանութում Չարենց կամ Թումանյան կարդալ, որ իմ երեխային կաթ գնեմ, ես խնդրում եմ, որ որպես քաղաքագլուխ և որպես մեր ազնվայր տաք հարցին լուծում, թող մսուր բաժինը գործի պարտեզներում, գոնե այսպես ես կարող եմ առավոտից աշխատելով` ինչ-որ բան հայթհայթել և մեծացնել որդուս, ումով հետագայում կհպարտանանք, և կուրախանանք, որ երկրի ևս մի պաշտպան ունեք»: