Հայաստանը հայտնվել է աշխարահաքաղաքական զարգացումների մի հետաքրքիր խաչմերուկում, որտեղ կարծես թե ամեն մեկը մի մեթոդով փորձում է Հայաստանին իր կողմը ձգել:
Կարծում եմ, մեր պետությունը երբեք չի հայտնվել նման իրավիճկում: Նախկինում, երբ մեր արտաքին քաղաքականության վեկտորը ուղղում էինք այս կամ միջազգային կազմակերպություն կամ պետություն, փաստացի հակառկ մրցակցային կողմը սկսում էր մեզ հետ խոսել շանտաժի լեզվով:
Մի դեպքում խոստանում էին զորքերը դուրս բերել ու մեզ մենակ թողնել թշնամու հետ, մյուս դեպքում ակնարկում էին, որ Արցախի հարցում կընդունեն մեզ համար շատ վատ հռչակագրեր և այլն: Սակայն , այսօր փորձում են պարզապես մեզ վիրավորել, բայց ոչ շանտաժ անել: Հայաստանի երբեմնի բարեկամներն այսօր հայտվել են մեզ հակառակորդ ճամբարում, ինչպես օրինակ Վրաստանը, ու դա հավանաբար զուտ խանդն է, որ մենք կարողանում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ ժողովուրդի ասած՝ ոչ քյաբաբաը վառվի, ոչ էլ շիշը:
Տեսեք, մեր դեմ են այսօր դուրս եկել երկու պետություն, Ուկրաինա և Վրաստան, որոնց վրա ԵՄ-ի հետ մերձենալը տարածքային կորուստներ արժեցավ : Իսկ ԵՄ-ն , փոխանակ այդ երկրներին օգներ վերադարձնելու կորցրած տարածքները, ընդամենը հադես եկավ դատապարտող հայտարարություններով և վերջ:
Այսօր Հայաստան - ԵՄ, Հայաստան - ԵՏՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ ու մեկը մյուսին լրացնելով, որի պատճառով էլ մենք արաժանացել ենք վերոնշյալ երկու պետությունների այս վերաբերմունքին:
Սակայն, միևնույն ժամանակ, շատ գունավոր գույներով չեմ տեսնում Հայաստան - ԵՄ հարաբերությունները: Մենք այսօր, հենց այս իրավիճակով պետք է կանգ առնենք և մեր հարաբերությունները շարունակենք զարգացնել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ:
Որքան էլ մենք չընդունենք ռուսական այդ կայսրական ու ցարական բնավորությունը, որքան էլ չընդունենք հանուն իրենց պետության շահի վարած քաղաքականությունը, որի զոհն ենք դառնում ժամանակ առ ժամանակ, միևնույն է, պետք է գիտակցենք նաև, որ այս երկրը առանցքային խաղացող է այս տարածաշրջանում ու վերջապես Ռուսաստանն այսօր ռուսական ընկերությունների միջոցով Հայաստանում տնօրինում է ռազմակավարական կարևորագույն օղակներ՝ կապ, հեռահաղորդակցություն, էներգետիկա , հանքարդյունաբերություն , ինչու չէ, նաև պետական սահմանի որոշակի հատվածի պահպանում:
Հուսով եմ՝ այսօրվա խաչմերուկը չի դառնա արահետ: