Մեր օրերում հաճախ կտեսնեք այնպիսի մարդկանց, ովքեր երազում են ազատվել ժամանակակից տեխնոլոգիաներից և ապրել այնպիսի վայրում, որտեղ կյանքը կլիներ պակաս հոգսառատ: Սակայն նրանցից քչերը կպատկերացնեն, որ անգամ այսօր՝ 21-րդ դարում աշխարհում դեռևս գոյություն ունեն այնպիսի ցեղեր, որոնք ապրում են նմանատիպ պայմաններում: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: 

 

Յարավա

Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիներում ապրող այս ցեղի տարիքը հասնում է 55 հազարի: Աֆրիկայից գաղթած այս մարդկանց թիվն ընդհանուր հաշվարկներով այսօր կազմում է մոտավորապես 400: Յարավաները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ, միրգ ու մեղր հավաքելով, նետ ու աղեղով որս անելով: Շրջում են առավելագույնը 50 հոգուց  բաղկացած քոչվոր խմբերով: Հետաքրքիրն այն է, որ 90-ական թվականներին Հնդակսանի կառավարությունն այս ցեղի անդամներին առաջարկեց ավելի հարմարավետ, ժամանակակից գոյության պայմաններ, սակայն յարաաները մերժեցին առաջարկը: 

 

Յանոմամի

Յանոմամիները իրենց հնագույն կենսակերպն են վարում Բրազիլիայի և Վենեսուելայի սահմանների միջև. 22 հազար մարդ ապրում է բրազիլական կողմում, 16 հազարը՝ վենեսուելական: Նրանցից մի քանիսը հմտացել են մետաղաձուլության և կարուձևի մեջ, սակայն մնացածը նախընտրում են չառնչվել արտաքին աշխարհի հետ, ինչը սպառնում է խափանել նրանց դարավոր հանգիստ կյանքը: Նրանք հրաշալի հեքիմներ են և անգամ կարողանում են ձուկ բռնել բուսական թույների միջոցով:

 

Նոմոլե

Այս ցեղի շուրջ 600-800 ներկայացուցիչներ ապրում են Պերուի արևադարձային անտառներում, և միայն 2015 թվականից ի վեր են նրանք սկսել են հայտնվել և զգուշորեն հարաբերվել քաղաքակրթության հետ, սակայն դա ոչ միշտ է նրանց մոտ ստացվում: Նրանք իրենց անվանում են «նոմոլե», որը նշանակում է՝ «եղբայրներ և քույրեր»: Նոմոլեների մոտ բացակայում են չար և բարի հասկացողությունները. եթե նրանք ինչ-որ բան ցանկանում են, ապա առանց անգամ վարանելու սպանում են հակառակորդին, որպեսզի տիրանան իրենց անհրաժեշտ ապրանքներին:

 

Հուաորանի, Տագաերի և Տարոմենանե

Այս երեք ցեղերը բնակվում են Էկվադորում: Հուաորանիներն ապրում էին նավթով հարուստ մի տարածքում, այդ պատճառով էլ 1950-ականներին նրանց մեծամասնությունը ստիպված եղավ տեղափոխվել: Իսկ ահա Տագաերիները և Տարոմենանեները 1970-ականներին առանձնացան Հուաորանիներից և տեղափոխվեցին արևադարձային անտառներ՝ սովորական քոչվորական կյանքը շարունակելու: Այս ցեղերի ներկայացուցիչները բավականին ոչ մարդամոտ են և վրիժառու, այդ պատճառով նրանց հետ հարաբերություն հաստատելն այնքան էլ հաճելի չէ:

 

Կավահիվա

Բրազիլական այս ցեղի անդամները քոչվորներ են: Նրանք չեն սիրում շփվել մարդկանց հետ և ապրում են որսորդության, ձկնորսության և երբեմն էլ հողագործության միջոցով: Սակայն Կավահիվաներից շատերը մահացել են քաղաքակրթության հետ շփման արդյունքում՝ մարդկանցից կարմրուկով վարակվելուց: Միջին տվյալներով՝ հիմա նրանցից մնացել են միայն 25-50-ը: