Երբեմն սկսում եմ կասկածել. հայոց լեզվի շտեմարանի հեղինակները չե՞ն սիրում արդյոք իրենց մասնագիտությունը, որ նման հարցեր են կազմում, թե՞ իրենց մասնագիտական չբավարարված կրքերը թափում են ուսուցիչների և աշակերտների գլխին՝ մեռցնելով մարդու ստեղծագործական միտքը, երևակայությունը, աշխարհը բառերի միջոցով զգալու և տեսնելու հաճույքը, գրագիտությունը.....


Ես չեմ պատկերացնում կյանքի մի իրավիճակ, երբ մարդուն պետք կգա, թե այդ ստորոգյալը պա՞րզ է, թե՞ բաղադրյալ, սահմանական եղանակի ո՞ր ժամանակաձևով է դրված այսինչ կամ այնինչ բայը, որոշիչը ի՞նչ հոլովով է դրված, տրված բառերից քանի՞սն են կապ կամ շաղկապ և նման անհեթեթ ու զուտ լեզվաբանական հարցեր:

 

Ինչպես կարելի է խոսք կազմելու կարողության զարգացումը փոխարինել նման դատարկ, ոչինչ չսովորեցնող, անգրագիտության մղող հարցերով, լցնել երեխայի գլուխը տարատեսակ մասնագիտական գիտելիքներով (հաճախ բանասիրական ֆակուլտետն ավարտած ուսանողներն էլ չեն տիրապետում դրանց), որոնք նրան կյանքում դժվար թե պետք գան մարդուն կամ զարգացնեն ինչ-որ կարողություն կամ հմտություն: 


Հայոց լեզու առարկան նախատեսված է միայն ու միայն բանավոր և գրավոր գրագետ խոսք սովորեցնելու համար. բոլոր առաջադրանքները, դասերը պետք է միտված լինեն դրան, իսկ քերականության իմացությունը լոկ գործիքներից մեկն է, որը պետք է նպաստի դրան, ոչ թե դառնա միակ նպատակը:


Այս հարափոփոխ աշխարհում խոսքը եղել և մնում է մարդու հաջողության ամենակարևոր և կայուն գրավականներից մեկը կյանքի տարբեր իրավիճակներում:
Ես գիտեմ, որ շտեմարան կազմողներն ինձնից հարյուրապատիկ ավելի խելացի, բանիմաց մարդիկ են /մեծ մասին անձամբ ճանաչում եմ/, բայց ինչքան պետք է տևի այս տգիտության շքերթը, և որքա՞ն պետք է լռենք: Նրանց մեծ մասը չի պատկերացնում դպրոցը, կրթական համակարգը, չի զանազանում նպատակները, խնդիրները.....


Առաջարկում եմ միասնական բողոք-նամակով դիմել նախարարին այս հարցը լուծելու ուղղությամբ քայլեր մշակելու խնդրանքով:

Արսեն Վարդանյան