Մինչ Ռուսաստանը միջազգային հարաբերություններում շեշտը դրել է գրեթե բացառապես քաղաքական ռեալիզմի կոնցեպցիայի վրա (իշխանությունը սահմանվում է ուժով) և ոչ հաջող փորձեր անում իր անվտանգության ու ազդեցության գոտիների ընդլայնման ուղղությամբ, Արևմուտքը գործնականորեն ապացուցում է, որ կան ավելի արդյունավետ աշխատող կոնցեպցիաներ' լիբերալիզմ, նեոռեալիզմ և այլն:
Չթերագնահատելով, իհարկե, ռեալիզմի կարևորությունը միջազգային հարաբերություններում, բայց ժամանակակից աշխարհում այն միայնակ էֆեկտիվ չէ: Ներկայումս ռեալպոլիտիկը ոչ միայն և ոչ այնքան քաղաքական ռեալիզմն է (ուժի կոնցեպցիան), որքան լիբերալիզմն ու նեոռեալիզմը: Համաձայն դրանց' պետության ուժը միայն ռազմականը չէ, գոյություն ունեն նաև այլ՝ մշակութային, գաղափարական, տնտեսական, ինֆորմացիոն գործոններ (soft power'փափուկ ուժ), կարևոր է ոչ միայն պետության դերը, այլև' անհատի: Այս գաղափարներն ավելի ճկուն են, ընկալելի ու հակառեակցիա չգրգռող:
Բացի այդ՝ վաղուց արդեն պետություններում իշխանությունը միատարր կամ միաբևեռ չէ, որտեղ կարելի էր սեփական կամքն ուժով պարտադրել պետական իշխանությանն ու ավտոմատ լուծել տվյալ երկիրի ենթարկեցման հարցը: Վերջապես, «կարմիր գումարտակների» ժամանակներն էլ են վաղուց անցել:
Այսօր, բացի քաղաքական իշխանության բազմատարրությունից, պետությունները կառուցված են նաև քաղաքացիական հասարակության հիմքով, որը առնվազն իշխանության մոդելավորման բավական լուրջ ներուժ ունի: Հետևաբար, առանց այս ամենը հաշվի առնելու, ամենակարևորը' ճիշտ հասկանալու, արժեքային մոտեցում ցուցաբերելու և լիբերալ կոնցեպցիաներ կիրառելու հնարավոր չէ լուրջ ու երկարաժամկետ հաջողություններ գրանցել: