Երբ մենք լսում ենք «երրորդ աշխարհի երկիր» արտահայտությունը, պատկերացնում ենք թշվառ երկիր՝ աղքատ բնակչությամբ, բանդիտիզմի գերակայությամբ և պայծառ ապագայի բացակայությամբ: Առաջին աշխարհի երկրները, ընդհակառակը, տարբերվում են իրենց զարգացման բարձր մակարդակով, կյանքի որակով և տնտեսական լավ ցուցանիշներով: Սակայն որտեղի՞ց է առաջացել այս երևույթը: Միգուցե առաջին և երրորդ աշխարհների երկրներն այլ չափանիշներով են տարբերվում:
Տվյալ հասկացություններն առաջացել են Սառը պատերազմի սկզբին, երբ ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն պայքարում էին աշխարհակալության համար: Ըստ էության՝ աշխարհը բաժանված էր երկու մասի՝ կապիտալիստական՝ ԱՄՆ-ի և դաշնակից երկրների գլխավորությամբ, և սոցիալիստական՝ ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների գլխավորությամբ: Կապիտալիստական երկրներին անվանում էին «առաջին աշխարհի երկրներ», իսկ սոցիալիստական երկրներին՝ «երկրորդ աշխարհի»: Մնացած բոլոր երկրները, որոնք չէին հետևում երկու ուղղություններից և ոչ մեկին, համարվում էին «երրորդ աշխարհի երկրներ»: Կյանքի մակարդակը, տնտեսական պայմանները երկրում և այլ ցուցանիշներ ոչ մի դեր չէին խաղում այս հարցում. առաջնահերթ էր քաղաքական կարգավիճակը: Օրինակ՝ երրորդ աշխարհի երկրների թվին էր պատկանւոմ տնտեսապես զարգացած Ֆինլանդիան:
Միայն Սառը պատերազմի ավարտից հետո այս տերմինները սկսեցին գործածվել որպես պետությունների տնտեսական կարգավիճակն արտահայտող բառեր: Սակայն այսօր, երբ նախկին երրորդ աշխարհի երկրները սոցիալական բարեկեցության և զարգացվածության մակարդակով անցել են երկրորդ աշխարհի նախկին երկրներից, պարզ է դառնում, որ այս տերմինները վաղուց հնացել են և չեն համապատասխանում ո՛չ ժամանակակից քաղաքական կարգավիճակին, ո՛չ էլ տնտեսական իրավիճակին:
Հետաքրքիր է, որ «Երեք աշխարհների» տեսության վերլուծման ևս մեկ տարբերակ կա, որն առաջ է քաշել Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունը 1974 թվականին: Առաջին աշխարհների երկրների ցանկին նա դասում էր գերտերություններին՝ ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին, երկրորդ աշխարհի երկրներն էին նրանց դաշնակիցները, իսկ երրորդ աշխարհի էին այն երկրները, որոնք նեյտրալ քաղաքականություն էին վարում: