Անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ Բրյուսելում, որտեղ նոյեմբերի 24-ի երեկոյան ստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումից կարճ ժանանակ առաջ Եվրամիությունը հրապարակեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, որի շուրջ վերջին օրերին ծավալվել էր տեղեկատվական որոշակի անորոշություն:
Համաձայնագրի ստորագրումը ոչ միայն Հայաստանի համար է սկիզբ՝ համառ աշխատանքի, այլ նաև Եվրոպայի, որը ևս շոշափելի անելիք ունի Հայաստանի հանրային պատկերացումներում, այսպես ասած, չնենգափոխված ներկայանալու, իրեն մատուցելու, հանրամատչելի, հասկանալի դարձնելու համար, ինչը ենթադրում է հնարավորինս շատ քայլեր հասարակության հետ ուղիղ շփումների և դրանց էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ:
Ստորագրված համաձայնագիրը, ըստ էության, համարժեք է իրավիճակի, որ բնորոշվում է հայտնի ասույթով՝ Եվրոպան նախընտրեց Հայաստանին ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել: Փաստաթուղթը Հայաստանին տալիս է Ադրբեջանից նվազագույնը մի քանի քայլ առաջ անցնելու հնարավորություն, և ավելին՝ արդեն իսկ առաջանցիկ որոշակի իրողություն: Սա ընդամենը կույր մրցակցություն չէ, այլ պարզապես Հայաստանի անվտանգության հարցում առանցքային զարգացման արձանագրում, քանի որ Ադրբեջանն ինքն է իր ագրեսիվ և ռազմաշունչ կեցվածքով ընտրել իրերի այդ դրությունը:
Հարկ է նկատել, որ մինչև գագաթաժողովը տևական ժամանակ խոսակցություններ և տեղեկություններ էին շրջանառվում, թե Կատալոնիայում հայտնի իրադարձությունների ֆոնին ԵՄ երկրները կպնդեն, որպեսզի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր ամրագրվի և հատուկ շեշտադրությամբ առանձնացվի, ինչին գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունը ձգտում էր հասնել նման ձևակերպման: Հաշվի առնելով ԱլԳ երեք երկրների տարածքային հակամարտությունները ՌԴ հետ, ՌԴ-ԵՄ լարված հարաբերությունները, ՀՀ-ում որևէ մեկը կասկած չուներ, որ տարածքային ամբողջականության սկզբունքն այս անգամ այլ կարևորությամբ կընդգծվի, ունենալով այս անգամ ոչ միայն ԱլԳ չորս, այլև ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Սակայն համաձայնագրում նման ձևակերպում չկար:
Այս համաձայնագրով իրավաբանական ուժ է ստանում ԵՄ մոտեցումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որը կայանում է նրանում, որ դա պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա: Հետխորհրդային տարածքի մնացած բոլոր կոնֆլիկտների հանդեպ ձևավորվել է եվրոպական մոտեցումն առ այն, որ այդ կոնֆլիկտները ռուսական օկուպացիայի հետևանք են, իսկ Ղրիմի պարագայում՝ նաև բռնակցում, որը վերջին անգամ Եվրոպայում 1938թ. իրագործել էր Հիտլերը:
Ընդգծենք, որ համաձայնագիրը որոշիչ դերակատարություն կունենա ՀՀ եվրաինտեգրման գործընթացում՝ խթանելով համագործակցությունը և դրանից բխող բարեփոխումներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են արդարադատությունը, արդյունավետ պետական կառավարումը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, պաշտպանությունը և այլ: Հականշական է, որ համաձայնագրով ստեղծվող փոխգործակցության հնարավորություններն աննախադեպ են ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Համաձայնագրի ստորագրումն առաջիկա տարիներին կնպաստի Հայաստանի և Եվարմիության միջև վիզաների տրամադրման համակարգի պարզեցում, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության և տուրիզմի երկկողմ խորացմանը: ՀՀ-ԵՄ համագործակցության համար կարևոր ոլորտներից և հնարավոր հեռանկարային զարգացումներ կարող ենք ակնկալել դատական ոլորրտի բարելավումն ու էներգետիկ համագործակցության խորացումը:
Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ պայմանագրի արդյունավետ կիրառման համար կարևոր է ինչպես հայկական և եվրոպական կողմերի քաղաքական կամքը, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներգրավվածությունը: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Համաձայնագրի իրականացման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային:
Ամփոփելով փաստենք` ԵՏՄ-ն ՀՀ համար մարտավարական ուղղություն է, ԵՄ-ն` ռազմավարական և սա խորքային տեսլական է ոչ թե իրավիճակային: Հայաստանը չի կարող չունենալ նման տեսլական: ՀՀ-ն այս համաձայնագրով գործնականում դառնում է ԵՏՄ զարգացման օդանցքը: Այլ խոսքով` ԵՄ-ի հետ համաձայնագրին ու կայուն իմպլեմենտացիոն գործընթացի արդյունավետությունը ռազմավարական հեռանկարում ՀՀ դերը ԵՏՄ-ում կարող են շրջվել գլխիվայր:
Հ.գ. Հավելեք նաև, որ նշված փաստաթղթի մեջ ներառված դրույթներն իրականացնելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, որ փաստաթուղթը լինի կիրառելի և ոչ թե զուտ պատմական կարևոր փաստաթուղթ: