Տեսակետ կա, թե Հայաստանը ստորագրեց Եվրոպայի հետ համապարփակ համաձայնագիրը, քանի որ Ռուսաստանը որպես դաշանակից իրեն լավ չի դրսևորում, Ադրբեջանին զենք է վաճառում: Լավ կլիներ, որ դա այդպես լիներ ու Հայաստանը ադեկվատ վերաբերմունք ցույց տար Ռուսաստանի դաշնակցին ոչ հարիր և հակահայկական քաղաքականությանը: Ցավոք սրտի դա այդպես չէ: Այստեղ կա երկու պարզ բայց չգիտես ինչու անտեսվող հանգամանք:
Առաջինը՝ Եվրոպայի հետ համաձայնագիրը անվտանգության հետ ոչ մի առնչություն չունի: Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության բացը շարունակում է մնալ բաց: Ռուսաստանը կարող է նույն կերպ շարունակել զենք վաճառել Ադրբեջանին, նույն կերպ այն կարող է Արցախը փորձել դարձնել մանրադրամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սակարկելիս, ու այս համաձայնագիրը ոչ մի կերպ մեզ չի օգնելու: Ի դեպ, այս համաձայնագիրը ոչինչ չի նախատեսում նաև էներգետիկ դիվերսիֆիկացիայի առումով և մենք կրկին մնում ենք Ռուսաստանից խիստ կախվածության մեջ:
Երկրորդը՝ Եվրոպայի հետ Հայաստանը փորձում էր մերձենալ ավելի վաղ, քան ԵԱՏՄ-ն ստեղծվեց ու Ռուսաստանը սկսեց դեպի Ադրբեջան ու ավելի ուշ դեպի Թուրքիա մերձեցման քաղաքականությունը (կամ դրա փորձերը): Մինչև ռուսական զենքի խոշորամասշտաբ վաճառքը Ադրբեջանին Հայատանը սկսել էր բանակցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի չուրջ, որը մենք գիտենք ինչպես հավարտվեց չորս տարի առաջ:
Այս նոր համաձայնագիրը, որքանով էլ որ ողջունելի է, թույլ և անվստահ քայլ է դեպի հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Կարելի է ասել՝ կես քայլ է դեպի բարգավաճ և անվտանգ պետություն ունենալուն: Սակայն միևնույն է Ռուսաստանի կայսերապետական ճիրաններից ազատվելու համար նույնիսկ ողջունելի է կես քայլը:
Հայաստանին պետք է ամուր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն և համապատասխան դաշինքներ: Անձամբ ես կողմ եմ և-և-և-և-... արտաքին կողմնորոշման: Այսինքն՝ ոչ թե երկու (Ռուսաստան և Արևմուտք), այլ բազմակողմանի տնտեսական, էներգետիկ, ռազմական համագործակցություններ և դաշինքներ: Այդ կողմերը Եվրոպայից բացի պետք է ներառեն առնվազն ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը, Ճապոնիան: Այդ դեպքում արդեն չի լինի մեկ պետությունից միակողմանի կախվածություն, այլ հավասարակշռված համագործակցությունը, որի դեպքում միայն կարելի է հասնել մաքսիմալ (չնայած ոչ կատարյալ) ինքնիշխանության: