Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը երկրի ֆինանսների նախարարությանը հարցում է ներկայացրել առաջիկա 3 տարիների կտրվածքով ՊՆ-ին հավելյալ բյուջետային հատկացումներ տրամադրելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ Իսրայելի ՊՆ ծախսերի ավելացման անհրաժեշտությունը ռազմական ոլորտի պատասխանատուները հիմնավորում են Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրադրության փոփոխությամբ։

 

Հավաստի աղբյուրների համաձայն, ֆինանսների նախարարությանը հղված հարցման մեջ հաշվի է առնվում Սիրիայում ՌԴ ներկայության հանգամանքը, որի հետևանքով, ըստ աղբյուրի տվյալների, «Հեզբոլլահ» զինված խմբավորման ձեռքում է հայտնվել առավել ճշգրիտ և համեմատաբար որակյալ ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Հարցման մեջ առանձնակի նշվում է նաև այն հանգամանքը, որ իրանական կողմը էական առաջընթաց է արձանագրում բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի զարգացման գործում։

 

Պաշտոնական տվյալներով, Իսրայելի պաշտպանության նախարարության բյուջետային միջոցները հաշվվում են երկրի ընդհանուր բյուջեի 12%-ը. ըստ աղբյուրի, Իրանի ռազմական բյուջեն համապատասխանաբար կազմում է երկրի ընդհանուր բյուջեի 22%-ը։ Լիբերմանի պնդմամբ, Իսրայելը չի կարող թույլ տալ, որպեսզի Իրանն իր ռազմական ծախսերով գերազանցի Թել-Ավիվին և ունենա առավելություն ռազմական հավասարակշռությունում։