Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով: Սննդամթերքը պահել փակ տարողություններում աղտոտումից խուսափելու համար:
• Արագ փչացման ենթարկվող սննդամթերքը պահել սառնարանում:
• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
• Աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե:
• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում:
• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:
• Սնվել թեթև, քիչ քանակությամբ՝ չխառնելով կերակրատեսակները:
• Աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:
• Ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով:
Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է.
ա) հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ),
բ) խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
գ) բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով,
դ) հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:
Միաժամանակ, խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին: