Վերջին օրերին միջազգային մամուլը, նաև Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի պաշտոնական շրջանակներն ակտիվորեն անդրադառնում են հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման ֆորմալ «մայրաքաղաքը» հանդիսացող սիրիական ալ-Ռակկա քաղաքի ազատագրման ընթացքում տեղի ունեցած բավական ուշագրավ իրողություններին:
Բանն այն է, որ ռազմագործողությունն իրականացնող ընդդիմադիր «Սիրիական դեմոկրատական ուժերի»(ՍԴՈւ) և ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները ԻՊ զինյաների հետ բանակցություններում թույլատրել են, որպեսզի շուրջ 4 հազ ահաբեկիչներ և նրանց ընտանիքների անդամներ ամբողջ սպառազինությամբ լքեն քաղաքը. գործողությունը տեղի է ունեցել ՍԴՈւ-ի կողմից տրամադրված ավտոմեքենաներով՝ կոալիցիոն օդուժի հսկողության ներքո: Տեղափոխումն, ընդհանուր առմամբ, իրականացվել է 50 բեռնատարներով, 13 ավոբուսներով, ահաբեկիչներին պատկանող ավելի քան 100 ավտոմեմքենաներով՝ բոլորն էլ ամբողջովին բեռնված մարդկանցով և սպառազինությամբ. ավտոշարասյան ընդհանուր ձգվածությունը կազմել է մոտ 8 կմ: Էվակուացված զինյալների շարքերում մեծ թիվ են կազմել օտարերկրացիները՝ Ադրբեջանի, Պակիստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Եմենի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Թունիսի Եգիպտոսի քաղաքացիներ և այլն: Իսկ կոալիցիայի ղեկավարության հայտարարության համաձայն՝ քաղաքից դուրս են բերվել ընդամենը 250 զինյալներ՝ 3500 ընտանիքի անդամներով:


Ալ-Ռակկայի ազատագրմանը հաջորդած ԻՊ-ի հետագա պարտությունների հետևանքով մեծացել է զինյալների «արտագաղթը» Սիրիայից, ինչը նպաստել է դեպի Թուրքիայի տարածք ապօրինի կերպով անցնելու իրողությանը. այդ «բիզնեսով» զբաղվող մաքսանենգները 1 անձի համար պահանջում են 600, իսկ ընտանիքի համար՝ 1500 դոլար գումար:

Հ.Գ. Հարկ է նշել, որ վերոնշյալ գործարքից առաջ ՍԴՈւ ամբողջովին մեկուսացրել էր ալ-Ռակկան՝ այնտեղից հեռացնելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, իսկ էվակուացիայի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է եղել ստանալ դրան մասնակցած վարորդներից և որոշ զինյալներից:

 

Արմեն Պետրոսյան