Ասում են՝ Սիրիան, նաև Իրանի համաձայնությամբ, դիմել է Ռուսաստանին՝ ՌԴ ՀՕՊ համակարգերի միջոցով Իսրայելի կողմից Սիրիայի օդային տարածքում իրականացվող ռազմագործողությունները սահմանափակելու խնդրանքով. սիրիական հակամարտության ողջ ընթացքում իսրայելական օդուժի տարբեր մասշտաբի գործողությունների թիվը հասնում է շուրջ 7 տասնյակի:
Հարկ է նշել, որ ցայժմ Թել Ավիվի և Մոսկվայի միջև կար չհրապարակված համաձայնություն՝ Սիրիայի տարածքում երկկողմանի շահերը փոխադարձաբար ճանաչելու, նաև պաշտպանելու առնչությամբ:
Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ սիրիական իշխանությունների վերոնշյալ խնդրանքի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվում է այն ժամանակ, երբ Իսրայելի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենց գործողությունները որևէ կերպ չեն սահմանափակվելու Սիրիայի տարածքում ձևավորված լարվածությունից զերծ գոտիների մասին պայմանավորվածություններով՝ որպես փոխզիջման միակ պայման առաջարկելով Իրանի հովանավորյալ խմբավորումների և լիբանանյան «Հիզբալլահի»՝ Սիրիայից հեռանալու պահանջը:
Եթե նշված տեղեկատվությունը հաստատվի, ապա Սիրիայում հետագա զարգացումներն ավելի հետաքրքիր կդառնան՝ հավելյալ լարվածություն առաջացնելով հակամարտության արտաքին դերակատարների հարաբերություններում: