Հաճախ ուսանողներին ոգևորելու համար մարդիկ հիշեցնում են 68-ի փարիզյան ուսանողական մայիսը, մինչդեռ Փարիզ 8 համալսարանը 1968 թվականի ֆրանսիայի պատմության մեջ ամենամեծ ուսանողական շարժման արդյունքն է։ Սկզբում Դը Գոլն առավել ռադիկալ ու քաղաքականությամբ տարված ուսանողներին մեկուսացնելու համար ստիպված որոշում է կայացնում ստեղծել նորարար, համալսարանական ստեղծարարական կենտրոն (հետագայում՝ Paris 8 Vincennes-Saint-Denis), որտեղ ուսանողները կկարողանան իրենց պատկերացումների համաձայն կրթություն ստանալ։
Սա թվում է, թե մեծ նվեր էր այն ժամանակվա ակադեմիական կրթությանը դեմ ուսանողներին, բայց իրականում այդպես Դը Գոլը պարզապես ուզում էր դատարկել Փարիզի կենտրոնական ֆակուլտետները ահագնացող վտանգից։ Ուսանողները, որոնք չափազանց տարված էին սոցիալական ու քաղաքական խնդիրներով, պետք է դուրս քշվեին։ Մեկուսացված ուսանողների թիկունքին կանգնած էր ֆրանսիացի պատմաբան և փիլիսոփա Միշել Ֆուկոն, որը նրանց քաջալերում էր և առաջ քաշում կրթական նոր մեթոդներ, իսկ առաջին կրողները հենց այս կենտրոնի ուսանողներն էին։ Բայց սա ևս բավարար չէր ֆրանսիական իշխանությունների համար։ Փարիզը 68-ի շարժման ակտիվիստներին տանել չէր կարողանում և հնարավորինս ուզում էր հեռացնել նրանց դեպի արվարձաններ, և քանի որ կենտրոնի անդամները գնալով շատանում էին, ժամանակն էր։ Ընդամենը մի քանի տարվա մեջ ֆակուլտետներն ընդլայնելու անհրաժեշտություն էր առաջանում։
Ի վերջո, ուսանողների և դասախոսների ցանկությամբ որոշում կայացվեց Վենսանյան անտառից կենտրոնը տեղափոխել փարիզյան քիչ ավելի հեռավոր արվարձան Սեն Դենի (սա է 68-ի պարտությունը), որը «կոմունիստական քաղաք» էր համարվում և, այսպես ասած, իսկական ծաղր էր։ Չորս տարի տևած պայքարը ոչինչ չտվեց, բայց պետությունը մինչև հիմա էլ ստիպված է լինում խոշոր ներդրումներ անել, քանի որ նորարարական շատ նախագծեր հենց այս համալսարանում են ծնվում։ Փարիզ 8-ը միակ համալսարանն է, որտեղ կրթություն կարող է ստանալ նաև թուղթ չունեցող էմիգրանտը, նույնիսկ Սիրիայի պատերազմից հետո դեռ կոնկրետ կարգավիճակ չունեցող ուսանողներ կան։ Փարիզյան քաղքենիներն այս համալսարանը հաճախ անվանում են թափթփված ու վտանգավոր, շատերը նույնիսկ չեն հիշում պատմությունը կամ էլ չգիտեն, բայց այս մոտեցումը կարիք չկա բացատրելու, քանի որ քաղքենի բառով ամեն ինչ ասված է։
Ուսանողությունը բոլոր երկրներում՝ զարգացած, չզարգացած, հարուստ, թշվառ, իրական վտանգ է ներկայացնում իշխանության համար։ Ընդհանրապես երիտասարդությունից վախենում են բոլորը, ուր մնաց իշխանությունները չվախենան․․․ Ձեզ կհալածեն, կծեծեն, կմեկուսացնեն, բայց ձեզանից վախենում են։
Ոչ մի շարժում էլ ձեզ համար օրինակ չի կարող լինել, պայքարի կանոնները որոշում է այն երկիրը, որտեղ դուք ապրում եք, ձեր շարժումը կարող է բերել որոշիչ փոփոխությունների, պարզապես այն չպետք է սահմանափակվի մեկ խնդրով․․․