Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում արցախյան հիմնախնդիրը չի եղել օրակարգի մաս՝ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման արդյունքում։ ՌԴ նման մոտեցման համար կարելի է առանձնացնել մի քանի հիմնական հանգամանքներ։ Նախ՝ ներկայում Ռուսաստանի դիրքերը բավական ամուր են արցախյան հակամարտության համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Եվ քաղաքական շարժառիթներ չկան հիմնահարցը դիտարկել ՌԴ-Թուրքիա օրակարագում։ Դրան նպաստում են նա՛և սիրիական ուղղությամբ ռուսական կողմի հաջողությունները։

 


Մյուս կողմից, ՌԴ-Թուրքիա ներկայիս հարաբերություններում ռուսական կողմը Անկարայի նկատմամբ տիրապետում է միջազգային-տարածաշրջանային քաղաքական որոշակի լծակների՝ պայմանավորված Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ հակասություններով ստեղծված իրավիճակով։ Ուստի Պուտինը, օգտագործելով այդ հակասությունները և այդ զարգացումների համատեքստում Անկարայի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործակցությունը ՌԴ-ի հետ՝ փորձել է Թուրքիայի ուշադրությունը կենտրոնացնել մասնավորապես սիրիական հարցի ուղղությամբ, որի հարցում ՌԴ-ն հստակ ակնկալիքներ ունի Անկարայից։

 


Հանդիպմանը ռուսական կողմից արցախյան հիմնախնդրի շրջանցումը պայմանավորված է նաև նրանով, որ Մոսկվան մտադիր չէ Թուրքիայի հետ հարցի քննարկմամբ ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, դրանով իսկ հավելյալ խնդիրներ առաջացնելով ՌԴ-Հայաստան հարաբերություններում՝ նոյեմբերի վերջին նախատեսվող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին։ Ավելին, հարցը ակտուալանում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից առաջ, որին ընդառաջ ռուսական կողմը փորձում է հնարավորինս շոշափելի դիրքեր ունենալ։

 


Սոչիում կայացած հանդիպման օրակարգում արցախյան հիմնախնդրի չներառումը պայմանավորված է այդ թվում վերջերս Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունում նկատվող նոր միտումներով, որտեղ Անկարայի համար կան առավել առաջնակարգ կարևորության հիմնահարցեր, քան թուրք-ադրբեջանական գործակցության համատեքստում արցախյան հիմնախնդիրն է, ինչպես, օրինակ, Անկարայի հարաբերությունների սառեցումը Արևմուտքի հետ, սիրիական զարգացումները, քրդերի խնդիրը և այլն։