Արդեն մի քանի անգամ ԶԼՄ-ներում հանդիպեցի «կույրերի միջազգային օր» արտահայտությանը, սկսեցի կասկածել իմ ունեցած տեղեկություններին և փորձեցի մի քիչ գուգլ անել։ 
Կույրերի համաշխարհային միավորումը (World Blind Union) նշում է երեք ամսաթիվ, որոնք կապ ունեն տեսողության կամ տեսողության խնդիր ունեցող անձանց իրավունքների հետ և պետք է ուշադրության արժանացնել։

1-ը «Գրագիտության միջազգային օր»-ն է, որը ՅՈՒՆԵՍԿՕՆ նշում է ամեն տարի սեպտեմբերի 8-ին։ Այս համատեքստում անհրաժեշտ է բարձրաձայնել տեսողության խնդիր ունեցող անձանց գրագիտության, կրթական և տեղեկատվական նյութերի և մեթոդների մատչելիության թեմաները։

2-րդը Սպիտակ փայտիկի միջազգային օրն է, որը նշվում է ԱՄՆ-ում և որը 2011 թվականից Օբամայի նախաձեռնությամբ ստացել է «Կույր ամերիկացիների հավասարության օր» անվանումը։ Այն նշվում է հոկտեմբերի 15-ին։ Օրվա խորհուրդը միջավայրի մատչելիությունն ու ներառումն է՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար։

3-րդը Տեսողության միջազգային օրն է, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին։ Օրը նշում է Կուրության կանխարգելման միջազգային գործակալությունը՝ (International Agency for the Prevention of Blindness) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ 2017-ի թեման մանկական կուրությունն էր։ Այս օրը վերաբերում է բոլոր մարդկանց և թեմաները կապված են առողջական խնդիրների և դրանց կանխարգելման հետ, ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց իրավունքների։

«Կույրերի միջազգային օր» չգտա, հավանաբար բոլորը լրատվամիջոցները այդ տեղեկությունը վերցրել են ռուսական մի կայքից, որտեղ նշվում են օրերն ու տոները։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ օրը ունենալու մեջ, բայց այն չպետք է շփոթել հատկապես Տեսողության միջազգային օրվա հետ, որովհետև ինչպես վերևում եմ նշել, այդ խնդիրը վերաբերում է բոլորին։ Իսկ Կույրերի միջազգային օրը պետք է խոսել իրավուքներից, ոչ թե առողջական խնդիրներից և դրանց կանխարգելումից։