Տենց 1999-2000 թվականներն էին, մենք էլ դպրոցական էինք։ Տարվա էս կողմերը սկսում էինք անհամբեր սպասել ձյան գալուն, որովհետև բացի նրանից, որ նորմալ երեխաներ էինք ու սիրում էինք ձնագնդի խաղալ, սահնակներով սահել ու անել բոլոր այլ ձմեռային հավես բաները, որ սիրում են բոլոր երեխաները, ձյունը նաև նշանակում էր դասերից փախնելու կիսալեգիտիմ առիթ։ Բացատրեմ․ ձյունը պատրվակ էր դառնում, որպեսզի բողոքեինք դպրոցի ջեռուցումից, կամ էլ դրա բացակայությունից, պարբերաբար դասերից թռնեինք ու արդյունքում ստացվում էր այնպես, որ ձմեռային արձակուրդները շուտ էին սկսվում ու մի քիչ երկար էին տևում։ Հիշում եմ՝ մի տարի, նույնիսկ, մի 10 օր ավելի երկար չգնացինք դպրոց։


Առակս ինչ կցուցանե․ այն ժամանակ ոչ ֆեյսբուք կար, ոչ ակտիվիստ-լրագրիստներ, ոչ էլ դուզգյուլի ինտերնետ կար, որ մեր «շուստրիությանը» քաղաքական շղարշ տրվեր ու մեզնով հիանային՝ որպես պայքարող երիտասարդություն, սկսեին քլնգել ԿԳՆ-ն ու այլ պատկան մարմինները, իսկ մեզ էլ հերոսացնեին, որ համակարգի արատների դեմ խոյացել են դպրոցական երեխեքը։ Եթե այդպիսի բան անեին, ապա մենք սկզբում կզարմանայինք հաճելիորեն, որովհետև մենք ընդամենը ուզում էինք ձնագնդի խաղալ ու դասերի չնստել, իսկ հետո կառիթավորվեինք ու հնարավորինս երկար դասի չէինք գնա, մինչև ծնողները ճիպոտով չլարեին դպրոց։


Հիմա վերադառնանք մեր օրեր։ Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին ԵՊՀ-ի ուսանողության մի մասը ոտքի է ելել ու պայքարում է տարեկետումը հանելու որոշման դեմ։ Ամենատարածված թեզն էլ այն է, որ այս որոշումը սպանում է գիտությունը, չի թողնում, որ մարդը գիտնական դառնա ու անարդար մրցակցություն է ստեղծում։ Շատ է խոսվել բոլոր այս թեզերի ու հակաթեզերի մասին, ուստի չեմ էլ ուզում կրկնվել։ Ասեմ միայն, որ այդ երիտասարդներին նայելով, ես տեսնում եմ ինձ՝ 1999-2000 թվականներին, ում համար դասից թռնելու ցանկացած կիսալեգիտիմ մահանա՝ երկնային մանանա էր։


Հասկանո՞ւմ եք՝ չի կարելի գիտության ու գիտնականության համար պայքարել, երբ զաչոտնիկիդ մեջ լիքը 3-ներ ու լիկվիդներ են, ծիծաղելի է պատմել այն մասին, որ 2 տարին խանգարում է գիտնական դառնալուն, երբ մարդին Հայրենականի 4-այա մսաղացին մասնակցելուց հետո էին գիտնական դառնում, ու ցինիզմ է խոսել արդար մրցակցության մասին, որովհետև տարեկետման իրավունքը ու այդ շորշոփով բանակից խուսափելն ինքնին անարդար մրցակցություն են՝ բանակում ծառայողների նկատմամբ (ես էլ կուզենայի այդ երկու տարին կարիերայիս ու անձնականիս վրա ծախսել, երևի ուղիղ երկու տարի առաջ կհասնեի նրան, ինչ ունեմ այսօր)։ Ու վերջապես, ես հավատում եմ հավաքվածների անկեղծ մղմանը, բայց անկեղծ մղումը գերակշիռ մեծամասնության դեպքում դասի չնստելն է, իսկ գիտության ու ակադեմիական հեռանկարների սրտացավությանը, ավելի կոնկրետ՝ գիտակցական սրտացավությանը չեմ հավատում, որովհետև նույն ԵՊՀ-ի ուսանողները չեն դուրս գալիս փողոց կրթաթոշակների, կրթական ծրագրերի սուղ ֆինանսավորման, վարձավճարենրի, ոչ մրցակցային գիտելիքների, կուսակցական ուսխորհուրդներ ունենալու ու այլ՝ ոչ պակաս օրհասական ուսանողական հիմնախնդիրների համար։


Վերջում շեշտեմ, որ ես վստահ եմ, որ թե՛ հավաքվածների, թե՛ օնլայնով նրանց քաջալերողների մեջ կան միանգամայն գիտակից ու մտահոգ մարդիկ, պետք չէ ընդհանրացնել, բայց դա չի նշանակում, որ դեպի այդ կողմ էլ պետք է ընդհանրացում անել ու համարել, որ իրենց մեջ չկան մարդիկ, ովքեր ունեն նույն մոտիվները, ինչ ես՝ 1999-2000 թվականներին։ Կան ու իրենք են մեծամասնությունը։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան