Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ 2018 թվականի բյուջեում խնայողություններ անելու և սեկվեստրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքից ազատել շուրջ 5,5 հազար բյուջետային աշխատակցի։ Կախված նրանից, թե ինչ պրիզմայով ես նայում այս հարցին, դժվար է միանշանակորեն պնդել՝ լա՞վ է սա, թե՞ վատ։
Այո՛, մի կողմից Հայաստանն ունի գերուռճացված պետական ապպարատի առկայության հիմնախնդիր։ Լինելով աշխարհի ամենափոքր պետություններից մեկը, մենք, այնուամենայնիվ, հանդիսանում ենք ամենաշատ նախարարություններ ունեցող երկիր, ինչպես նաև առաջատար դիրքեր ենք զբաղեցնում՝ բնակչութան մեկ շնչին ընկնող չինովնիկների քանակով։ Ու սա դեռ կարելի կլիներ հանդուրժել, եթե չինովնիկների ու բյուջետային աշխատակիցների բազմահազարանոց բանակը լիներ արդյունավետ, բայց իրականությունն այն է, որ այդ հսկայական թվի հսկայական մասը բաղկացած է սովորական պորտաբույծներից, իսկ պետական համակարգում աշխատանքը 10 դեպքից 9-ում վերջին հուսո հանգրվան է մարդկանց համար, ովքեր ոչ մի բան անել չգիտեն, բայց մի տեղից ուզում են ռոճիկ ստանալ։
Այս տեսանկյունից դիտարկման դեպքում կարելի է ասել, որ 5,5 հազար հոգով կրճատումը լավ է, նույնիսկ քիչ է։ Պետական կառավարման ու բյուջետային միջոցների տնտեսման տեսանկյունից ճիշտ կլիներ, որ այդ թիվը մոտ մի 5-6 անգամ ավելի բարձր լիներ, բայց կա մի մեծ ԲԱՅՑ․ ո՞ւմ են կրճատում ու որքանով են թիրախավորում պորտաբույծներին ու ռուդիմենտար կառույցներին։ Վերոգրյալը տեսություն էր, իսկ գործնականում մենք տեսնում ենք, որ նույն Կառավարությունը եկող տարի ավելացնելու ծախսերը այնպիսի «օրհասական» հաստիքների ու ծառայությունների վրա, ինչպիսիք են ծառայողական մեքենաները, վարորդները և այլն, իսկ այս կրճատումների տակ հիմնականում ավելի «անշառ» ոլորտներն, հատկապես՝ կրթականը։ Գոնե ինձ համար ավելի ընկալելի կլիներ, եթե կրճատեին 5,5 հազար ծառայողական մեքենաների վարորդների հաստիքներ (հանգիստ եղեք, նույնիսկ այդ դեպքում մի 4000 վարորդի հաստիք կմնար), կրճատեին մի քանի տասնյակ ՊՈԱԿ-ներ ու նույնիսկ՝ մի քանի նախարարություններ (սկսած՝ սփյուռքի նախարարությունից)։
Մյուս տեսանկյունը, որով կարելի է դիտարկելը հարցը, ավելի կոմպլեքս է։ Լա՛վ, հանեցիք մարդկանց, բայց մի՞թե կարելի է առանց որևէ այլընտրանք առաջարկելու, կամ էլ՝ այլընտրանքի հավակնելու համար բավարար հմտություններ ապահովելու, այդքան մարդու դուրս գցել։ Սա նախ կնշանակի, որ մեր առանց այն էլ թույլ տնտեսությանը բավականին ցավոտ հարված է հասցվում, զրկելով այն ամսական 5,5 հազար հոգու կողմից ապահովվող 100.000-ական դրամի ներհոսքից։ Հետո գործազրկություն, հետո չքավորություն ու աղքատության ավելացում։ Մյուս կողմից, ցանկացած քաղաքացի աչքերը փակ կարող է բյուջետային տնտեսման մի քանի տասնյալ այլընտրանքային ձևեր առաջարկել, որոնց իրականացման դեպքում կարելի է տնտեսել նույնքան, եթե ոչ ավելի շատ գումար, քան մի քանի հազար մադրու գործազուրկ դարձնելով։
Օրինակ՝ գիտե՞ք արդյոք, որ ՀՀ պետական բյուջեն ավելի շատ գումար է ծախսում Երևանի քաղաքապետարանի հմար կոնյակ գնելու հոդվածով, քան գիտական ուսումնասիրությունների վրա։ Ու սա մենակ Երևանի քաղաքապետարանի մասշտաբով, բա մնացած պետական մարմիններն ու գերատեսչությունները։ Առանց որևէ չափազանցեցման եմ ասում՝ եթե մի տարի պետական ապպարատը նվեր կոնյակներ չգնի, ապա մի տասնյակ միլիոնավոր դրամ կտնտեսենք ու այդ գումարը կարելի ուղղել այդ թվում նաև այն կադրերի վերապատրաստմանը, ովքեր կրճատման ռիսկի տակ են։
Այլ կերպ ասած՝ պետական ապպարատի կրճատումները վատ բան չեն ու նույնիսկ անհրաժեշտ են, բայց պայմանով, որ ադեկվատ են, վերաբերում են իրոք անիմաստ ու ավելորդ հաստիքներին ու արվում են այլ անիմաստ ծախսերի կրճատմանը զուգահեռ՝ կլինի դա կոնյակ-մոնյակների, թե ապաշքյարա գործուղումների վրա ծախսվող միլիոններ։
Կոնստանտին Տեր-Նակալյան