Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի փորձնական գործարկումն, ըստ էության, Հայաստանի գործողությունների օրակարգը չի փոխել՝ որքան էլ պարադոքսալ թվա, ինչ-որ առումով նույնիսկ ավելի լայն մանևրի դաշտ ստեղծելով մեզ համար:
Բանն այն է, որ իրանական կողմը, դատելով ոչ պաշտոնական արձագանքներից, մեղմ ասած, այդքան էլ խանդավառված չէ այս երկաթգծի գործարկմամբ՝ համարելով, որ այն միտված է նաև Իրանը դուրս թողնելու միջազգային տրանսպորտային ծրագրերից կամ առնվազն որոշակիորեն սահմանափակելու այս երկրի ներկայությունը Հարավային Կովկասում:
Եթե հաշվի առնելու լինենք նաև այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս իրանական ազդեցիկ ԶԼՄ-ներում Իրանի հետ տրանսպորտային ծրագրեր իրականացնելու ասպարեզում ադրբեջանական ակտիվությունը գնահատվել էր որպես Բաքվի կողմից խաբեություն և այդ միջոցով հենց Իրանի ներսում իսրայելական ներկայության ապահվման փորձ, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:
Հաշվի առնելով այս ամենը՝ մեծ իմաստնություն պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանից պահանջվում են լրջագույն մոտեցումներ Իրանի հետ կապված առնվազն երկու տրանսպորտային ծրագրերի՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթուղու, կյանքի կոչման ոլորտներում:
Այս առումով, ըստ իս, նշված երկու ծրագրերն էլ պետք է հայտարարվեն Հայաստանի համար համազգային առաջնահերթություններ, իսկ դրանց իրականացման գործը նաև ազգային պատվի հարց, ինչի արդյունքում պետք է բացառվի ոչ միայն ցանկացած կոռուպցիոն ռիսկ, այլ նաև ծրագրերի պատասխանտու յուրաքանչյուր պաշտոնյանի անգործություն կամ թուլամորթություն պետք է գնահատվի որպես սաբոտաժ՝ դրան անմիջապես հետևող պատժով:
Հայաստանը հավերժ է, բայց ոչ հավերժ «փակուղի», իսկ այդ «փակուղին» մայրուղի դարձնելը բացառապես մեր գործն է, որը պահանջում է տքնաջան, սակայն իր արդյունքով համազգային հպարտության արժանի աշխատանք: