Չինացիներին հարգում եմ առաջին հերթին նրա համար, որ հզորության են հասել աշխատանքի և աշխատասիրության հաշվին, ոչ թե այլոց կողոպտելու և հարստահարելու ճանապարհով: Չինական «հրաշքը» 20-30 տարվա մեջ եղավ: 1974-ին Դեն Սյաո Պինի սկսած ռեֆորմները սկսեցին արդյունք տալ 1995-ին: Այս ողջ ընթացքում չինական էլիտան զինվել էր համբերությամբ և գլուխները կախ առաջ էին տանում ռեֆորմները: Նույնիսկ ԽՍՀՄ անկումը չհիասթափեցրեց այս մարդկանց, ավելին' 1989-ին Տյանանմէն հրապարակում կոմկուսը ցույց տվեց, որ ՉԺՀ-ն ԽՍՀՄ-ը չէ, և ի տարբերություն ԽՄԿԿ-ի' ՉԿԿ-ն չի պատրաստվում պետությունն ու համակարգը հանձնել: Արդյունքում' տանկերով դաժանաբար և ցուցադրաբար ջախջախեցին ցուցարարներին, և ոչ մեկ այսօր չի կարողանում նրանց քննադատել, քանզի ռեֆորմների արդյունքն ակնհայտ է:
Չինաստանը սովետներից տարբերվեց նրանով, որ չինացիներն իրենց երազանքին հավատում էին, ոչ թե մի բան հայտարարում, այլ բան անում: Այսօր արդեն Սի Ցզինպինն իրեն Մաոին և Դենին հավասար մեկն է համարում, ով փոխելու է համաշխարհային պատմության ընթացքը: ՉԿԿ վերջին համագումարում մինչև 2050թ. սահմանված նշաձողերը' սկսած սոցիալ-տնտեսական հարցերից, վերջացրած մշակույթով, տիեզերքով և զարգացող պետություններում կատարվելիք ներդրումներով, խոսում են նրա մասին, որ ծանրության կենտրոնը վերջնականապես Արևմուտքից տեղափոխվում է Հեռավոր Արևելք: Ի դեպ, Սի Ցզինպինի ելույթը լսողները միանգամից կհասկանան տրամաբանությունը, թե ինչու՞ է Չինաստանն այսչափ մեծ դեսպանատուն կառուցում Երևանում:
Ես չեմ առաջարկում նետվել Չինաստանի գիրկը կամ զարգացման չինական մոդելը կիրառել Հայաստանում: Ոչ էլ առաջիկա տարիներին պատկերացնում եմ Հայաստանի արտաքին քաղաքական սլաքների կտրուկ փոփոխությունը: Բայց, եթե մենք առաջանցիկ տեմպերով չկարողանանք կանխատեսել Եվրասիայում տնտեսական, ժողովրդագրական, աշխարհաքաղաքական և քաղտնտեսական զարգացումներն ու ըստ դրա մշակել մեր պետության ադապտացիոն սխեմաները, վաղը լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու:
Իրականում մեզ մեծ երազանք է պետք, ազգային-պետական երազանք, շոշափելի արդյունք ենթադրող երազանք: Մոտավորապես այն և այնպես, ինչպես 1970-ականներին ձևակերպեց չինական վերնախավն ու իրագործեց չինացի ժողովուրդը: Իրենք իրենց մասշտաբներով, մենք' մեր: Իրականանալի, շոշափելի երազանք ձևակերպելուց զատ այլ քաղաքական օրակարգ Հայաստանում, ըստ իս, այս պահին չկա...