Ցանկանում եմ հասկանալ, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվում Մայր աթոռը, եթե ՀԱԵ հոգևոր վերնախավը «Կինդեր սյուրպրիզի» պես է, պարզապես չես իմանում՝ անակնկալը տհա՞ճ է լինելու, թե՞ հաճելի։
Որսագող հոգևոր հովվի խնդիրը միայն իրենը չէ։ Դա առաջին հերթին Մայր աթոռի խնդիրն է ու անձամբ՝ Գարեգին Բ-ինը, որովհետև եկեղեցին որքան էլ ասենք, որ հոգևոր կառույց է, բայց այն կառույց է և բարկացած է մարդկանցից՝ ենթականերից ու վերադասներից, և որպես այդ կառույցի գլխավոր վերադաս, կուզենայի հարցնել Գարեգին Բ-ին, թե այդ ինչպես է ստացվում, որ իր ղեկավարած կառույցի կարկառուն ներկայացուցիչ Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանը, ով Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվն է, զբաղվում է հոգևորականին ու, առհասարակ, մարդուն ոչ հարիր բանով՝ որսագողությամբ, ինչպե՞ս է ստացվում, որ Կոմիտաս Վարդապետը, ում դարձրել էին հեռուստատեսային սելեբրիթի, արդեն շփոթում է, թե ինքը ինչ պետք է քարոզի՝ Կտակարա՞ն, թե՞ հրեաների Թորան, որ Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը վաղուց նույնականացվում է ոչ թե հոգևոր որևէ արժեքի հետ, այլ բանկային մեքենայությունների ու աշխարհիկ հաճույքների։
Ինչպե՞ս է այնպես ստացվում, որ եկեղեցու վարկանիշը ցեխն են նետում ու դրանում մեղավոր են բոլորը՝ քննադատողները, քննադատվողները, բայց ոչ Գարեգին Բ-ն։ Անգլերենում նույնիսկ մի այդպիսի եզրույթ կա՝ holly cow (սուրբ կով), որը նշանակում է մեկին, ով անմեղ է՝ անկախ նրանից, թե ով ու ինչ անի։ Հիմա տպավորություն է, որ Մայր աթոռում հենց այս հայեցակարգն են որդեգրել։ Իսկ գուցե ժամանակն է, որ մի պահ իրենց սրբությունից շեղվեն ու զբաղվեն միանգամայն աշխարհիկ, բայց այդքան անհրաժեշտ դառած կադրային քաղաքականությամբ։ Գուցե այդ ժամանակ էլ մարդիկ ավելի մեծ ակնածանքով ու հավատքով լցվեն առ կառույց, առ կառույցի ղեկավարություն ու առ գլխավոր ղեկավար՝ Գարեգին Բ։
Իսկ այս քահանային պետք է պատժել՝ եթե ոչ կարգալույծ անելով, ապա միանգամայն աշխարհիկ օրենքով ու կարգով։
Կից նյութն՝ այստեղ։