ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան որոշում է կայացրել մեկ տարի ժամկետով որակազրկել Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Սահակյանին: Ըստ ֆեդերացիայի հայտարարության՝ պատճառը մարզիկի և ֆեդերացիայի համաձայնության չգալն է: Ձյուդոյի կանոնակարգում պարզ նշված է, թե որ դեպքում մարզիկին կարելի է որակազրկել, և ըստ կանոնակարգի՝ համաձայնության չգալը հիմնավոր պատճառ չէ որակազրկելու այն մարզիկին, որն այս պահի դրությամբ հանդիսանում է Հայաստանի ձյուդոյի հավաքականի 90 կգ քաշում արդյունք ցուցաբերող միակ մարզիկը:
Գրիգոր Սահակյանը հանդես է գալիս երկու մարզաձևում՝ ձյուդո և սամբո: Սամբոյի 2017թ-ի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, Ձյուդոյի ֆրանկոֆոնիայի առաջնության և և Ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որտեղ Գրիգոր Սահակյանը 90 կգ քաշում դարձել է աշխարհի չեմպիոն: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 18-ից 22-ն էր, և Ձյուդոյի ֆեդերացիան՝ հանձինս նորեկ մարզիչ Հովհաննես Դավթյանի, արգելել է Գրիգորին մասնակցել Ձյուդոյի աշխարհի առաջնությանը՝ պատճառաբանելով, որ պետք է ընտրի երկու մարզաձևերից միայն մեկն այն դեպքում, երբ Գրիգորն առանց որևէ խոչընդոտի կարող էր երկու մարզաձևերում էլ հանդես գալ:
Այդ կերպ նորեկ մարզիչը փորձում է իր կարգ ու կանոնը ստեղծել, «դիրքը դնել»: Քանի որ Գրիգորը Սամբոյի Եվրոպայի չեմպիոն էր, որոշեց գնալ և նվաճել նաև Սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ կրկին բարձր պահելով մեր եռագույնը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանրապես արգելված չէ մարզիկներին այլ մարզաձևերի մրցումների մասնակցելը: Այդ դեպքում ինչո՞ւ Գրիգորին ընտրության առջև կանգնեցրին՝ թույլ չտալով մասնակցել Ձյուդոյի աշխարհի առաջնությանն այն դեպքում, երբ կարող էր նաև այդ մարզաձևում աշխարհի չեմպիոն լինել: