Իրաքի Քրդստանում և հարակից տարածքներում ընթացող զարգացումները լոկ արդի լրատվական հոսքերի տվյալների հիման վրա բացատրելը կամ մեկնաբանելը ոչ մի դեպքում չի կարող տրամադրել իրավիճակի լիրաժեք պատկեր:
Մերձավոր Արևելքում, ընդհանրապես, և Իրաքի Քրդստանում՝ մասնավորապես, շատ դեպքերում իրականում գործ ունենք բավական խորքային երևույթների հետ, որոնք անբացատրելի են, կամ ոչ լիարժեք բացատրելի, եթե հաշվի չի առնվում գործընթացի պատմական կամ դավանական խորապատկերը:
Բերեմ մի պարզագույն օրինակ. Քիրքուքի կորուստը քրդական կողմի համար ոչ միայն ունի լոկ տնտեսական, քաղաքական կամ ռազմավարական նշանակություն, այլև լրջագույն հարված է Թալաբանիների ընտանիքին նաև դավանական հեղինակության առումով, քանի որ հենց այս քաղաքում է գործում սուֆիական կադիրիյյա եղբայրակցության աղոթատունը (արաբ.՝ թաքիյյա), որն ավանդաբար կառավարվում է նույն եղբայրակցության տեղական շեյխական կլանը կազմող Թալաբանիների ընտանիքից սերող հոգևորականների կողմից և որի տարածքում թաղված են Թալաբանի շեյխերի մի քանի սերունդներ:
Շեյխական հզորագույն այս ընտանիքի ազդեցությունը նաև Իրաքից դուրս քրդաբնակ տարածքներում հիմնվում է ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև հենց նշված եղբայրակցության դավանական հեղինակության վրա՝ եղբայրակցություն, որի կենտրոնական աղոթատան գտնվելու վայրի՝ Քիրքուքի նկատմամբ Թալաբանիներն այժմ կորցրել են ռազմական և վարչական վերահսկողությունը: