Քանիցս անդրադարձել եմ Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքին և գործունեության, ինչպես նաև նրա կատարած բարեգործությունների մանրամասներին: Այս անգամ, սակայն, կխոսեմ նրա մեծ որդու' Լևոնի գործունեության մի փոքր դրվագի մասին:

 

Լևոնը հոր մահից հետո (1911) հաստատվել էր Մոսկվայում և ընտանեկան բիզնես-գործունեությունը կոորդինացնում էր այնտեղից: Ցարական մայրաքաղաքում նա մի քանի առանձնատուն ուներ, որոնց արտաքին ճակատային հատվածում պատկերված էր Մանթաշյանցների ընտանեկան նշանը' լատինական «M» տառը: Կրտսեր Մանթաշյանցին էր պատկանում նաև «Սև կարապ» անունով առանձնատունը, որը նա ձեռք էր բերել մի գիշերվա մեջ' թղթախաղով' հաղթելով ռուս ազնվական միլիարդատեր Նիկոլայ Ռյաբուշինսկուն (Ռյաբուշինսկին նաև «Ոսկե գեղմ» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր), ով թղթախաղի նկատմամբ առանձնակի թուլություն ուներ:Նույն գիշերը Լևոնն իր երկու «Ռոյս Ռոյս» մեքենաների շարքին ավելացրեց նաև Ռյաբուշինսկու «Ռոյսը»: Ի դեպ նշեմ, որ այդ հանգամանքը տվյալ ժամանակահատվածի համար աննկարագրելի, անգամ, անթույլատրելի ճոխություն էր, քանի որ, օրինակ Նիկոլայ Երկրորդ ցարն, անգամ, ուներ մեկ «Ռոյս Ռոյս»:

 

Հ.գ. Լևոն Մանթաշյանցը մահացավ էմիգրացիայի մեջ' Փարիզում, 1955-ին. հեղափոխությունից հետո նա տեղափոխվել էր այնտեղ' նա այդ ժամանակ հասարակ տաքսու վարորդ էր:

 

Արմեն Հովասափյան