Ամեն տարի էս օրերին, նորից անցնում եմ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նյութերի վրայով։ Կարդում արդեն իսկ հազար անգամ կարդացածս հոդվածներն ու նայում տեսանյութերը։ Փորձում նոր բան գտնել, որ միգուցե նախկինում չեմ նկատել։ Վերջին մի երկու տարիներին էլ համեմատում եմ հուլիսյան դեպքերի ու ՊՊԾ գունդը գրավելու հետ։
Նաիրին ասում էր, որ պատմությունը ու սերունդները դատելու են իրենց քայլը ու կերևա թե ինչ ձևով։ Անցել է այսքան տարի ու դեռ չեմ հանդիպել ինչ որ մեկի, ով թեկուզ ակնարկելով կասի, որ կատարվածը ճիշտ էր։ Անգամ մարդասիրությւնը մի կողմ դնելով, զուտ տվյալ անձնանց սպանությունը «փրկեց» երկիրը թեզին էլ կարծեք թե չեմ հանդիպել։ Ու դա լավ է, որ չեմ հանդիպել։ Կատարված ոճրագործությունը ահեղ հարված էր մեր պետականաշինության գործին։ Հարված էր նաև ԼՂ կարգավորման գործընթացին, որը այն ժամանակ ամենահնարավորներից էր։ Ցավոք նման իրադարձությունների մասին այդպես էլ ամբողջական պատկերացում չես ստանում։ Չես իմանում, ովքեր էին այդ ամենի հետևում /եթե կային այդպիսիք/։ Չես իմանում, թե ինչ խոսեցին այդ ժամանակ Քոչարյան Ռոբերտը և Նաիրին։ Չես իմանում այն կապերը, որ կային իրադարձության, այդ զրույցի ու հետագայում վկաների ու առնչվող անձանց աստիճանաբար վերացման հետ։ Կա՞ն արդյոք այդ տվյալները դեռևս ԱԱԾ արխիվներում թե վաղուց ոչնչացված են։ Կբացահայտվի արդյոք ինչ որ մի բան հնարավոր իշխանափոխության դեպքում թե ոչ։ Ըստ իս ամեն դեպքում սխալ է հարցը փակված համարել։ Առավել ևս սխալ կլինի մի խումբ խելագարների գործողություն որակել այս ամենը պատմության դասագրքերում (չեմ հիշում ինչ էր գրած ճիշտն ասած)։
Ամեն դեպքում սպանվեցին պետական գործիչներ, սիմվոլներ, որոնց ներդրումը երկրի կայացման գործում իրոք մեծ էր ու գնահատվում էր անկախ ամեն ինչից։ Իսկ այսօր ունենք այն ինչ ունենք։ Ունենք օրեցօր խորացող ճգնաժամ, ունենք ներքաղաքական կարծրացած դիսբալանս, ունենք արտագաղթ ու այդքանով հանդերձ գտնվում ենք թմբիրի մեջ։ Այդ թմբիրից դուրս գալու համար ժամանակ առ ժամանակ ինչ որ նախադրյալներ ստեղծվում են, բայց չեն օգնում։ Այդպիսին էր մարտի մեկին նախորդող շրջանը, այդպիսին էր ՊՊԾ գնդի ծայրահեղական գործողությունը։ Մարդիկ զոհվում են, մի քանի ցույցեր ու հայ-հույ վիճակներ լինում, իսկ հետո ամենը մոռացվում ու անցնում է սովորական ռեժիմին։
Ո՞րն է ելքը։
Չգիտեմ։
Գոռ Նազարյան