Գանձասարի ողջ էներգետիկան զգալու համար այստեղ պետք է լինել։ Պատմությունները որ լսել ես, նյութերը, որ կարդացել ես, առ ոչինչ են դառնում Խաչենի իշխանների տոհմական տապանատուն մուտք գործելու առաջին իսկ վայրկյանից։

Ժամանակակից աշխարհում, երբ ամենալավ ստրատեգը, գործարարը, ղեկավարը երեք, հինգ կամ առավելագույնը տասը տարվա համար է պլանավորում, անպատկերացնելի է գտնվել 780 տարվա հնության առաջնորդարանում ու գիտակցել, որ ինչ-որ մեկը սմարթֆոններից, էլեկտրական շարժիչներից, տիեզերք մարդու ոտք դնելուց և անգամ երկրի գնդաձևության մեջ համոզվելուց դեռ շատ առաջ մտածել է իր ազգի համար հավերժական արժեք ստեղծելու մասին, իսկ նրա սերունդները հոգացել են, որ այդ արժեքը հասնի քո օրեր։

1216-ին Հասան Ջալալը երևի չգիտեր, որ իր ստեղծած համալիրը 200 տարի հետո և շուրջ 4 դար լինելու է Աղվանի կաթողիկոսների նստավայրը, հաստատ չէր կարող պատկերացնել, որ հենց այս վայրը՝ Գանձասարը, դառնալու է մեր ազգային-ազատագրական պայքարի կարևոր օջախներից մեկը, իր ստեղծումից մոտ 500 տարի հետո նկուղում գաղտնի ընդունելու է Իսրայել Օրուն ու կարևոր դեր է խաղալու նաև Արցախի ազատագրման գործում։

Image may contain: 4 people, people standing

Այստեղ մեկ անգամ լինողը հաստատ զգում է պատասխանատվություն համալիրը կերտողի գործի շարունակականության համար, քանզի աներկբա է, որ անցյալի աչքերին նայելը, նախնյաց գործերին հավատալն ու դրանց ճիշտ շարունակականության ապահովումն է առհավատչյան կյանքի կոչելու ու վերաձևակերպելու մեր ազգային օրակարգը, որին հավատացել է Ջալալը, հավատացել է Օրին, հավատացել է Խրիմյան Հայրիկը։

Այդ մարդիկ այլևս չկան, բայց կա իրենց թողած ժառանգությունն ու իրենց քայլերի թողած հետքը։ Ուրախ եմ, որ այսօր էլ կարևորվում է մեզ փոխանցված ժառանգության պահպանումն, ու կա գիտակցությունը՝ դրանք գալիք սերունդներին փոխանցելու։

100 տարվա դադարից հետո Հայ առաքելական եկեղեցիների խորանն ու նախասրահը կրկին կզարդարեն հայկական ձեռագործ գորգերը: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնած այս բարեգործական նախագծի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 23-ին Արցախի Գանձասար վանքում: Այդ գորգերից երեքը օրերս հանձնվեցին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն։ Դրսից հրավիրված բարձրակարգ մասնագետների ձեռամբ այս օրերին ռեստավրացվում ու վերանորոգվում է նաև Դադիվանքը...

Ուրախ եմ, որ վերջին երկու օրերի ընթացքում մեր լայն թիմի կազմում կարողացա այս ամենի մասնակիցն ու ականատեսը լինել։ Վստահ եմ, որ այս լավ օրինակը վարակիչ է լինելու։