Սահմանային լարվածության ընթացիկ սրացումները պայմանավորված են նա՛և վերջին շրջանում Ադրբեջանի միջազգային ու տարածաշրջանային կշռի թուլացման միտման հետ։
Նախ՝ կան հստակ հակասություններ Ադրբեջան-ԵՄ փոխհարաբերություններում, որոնք դրսևորվեցին միջազգային մեծ աղմուկ հանած այսպես կոչված ադրբեջանական «լվացքատան», ԵԽԽՎ-ում երկու հակաադրբեջանական զեկույցների ընդունման տեսքով։
Երկրորդ՝ Ադրբեջանի ուղղությամբ շոշափելի են հստակ ճնշումները Վաշինգտոնի կողմից՝ մեր հարևան երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերի հետ կապված շարունակական խախտումների առնչությամբ։

 


Երրորդ՝ ուրվագծվում է մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի մեկուսացման գործընթաց, ինչն իր հերթին ուղղակիորեն բացասական է անդրադառնում նաև Ադրբեջանի միջազգային ու տարածաշրջանային կշռի վրա։
Նշյալ գործնթացներին զուգահեռաբար նկատվում է Հայաստանի միջազգային-տարածաշրջանային դիրքերի որոշակի ամրապնդման գործընթաց։ Սա պայմանավորված է ինչպես նոյեմբերին նախատեսվող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրման շուրջ ընթացող քաղաքական, տարածաշրջանային խմորումներով՝ անկախ նրանից, այն կստորագրվի, թե ոչ, Հայաստանի ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականության ակտիվացմամբ, ինչպես նաև վերջին շրջանում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի դերի մեծացման միտումներով։

 


Նշեմ նաև, որ Ալիևի ջղաձգությունը սպասելի է այդ թվում և ՌԴ վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի հետ կապված։