Զինված ուժերում տարկետման իրավունքի վերացման հարցը մտել է քննարկումների ավելի լայն շրջանակ, ընդ որում՝ ոչ միայն հասարակություն-ՊՆ ձևաչափում, այլ հենց հանրապետականների շրջանում կան բազմաթիվ վերապահումներ այս հարցում:
Մասնավորապես՝ ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը երեկ լսումների ժամանակ հարցրեց նախարար Վիգեն Սարգսյանին, թե արդյոք չկա վտանգ, որ նոր օրենքի ընդունման պարագայում երկրից չի սկսվի մասսայական արտագաղթը, քանի որ կան ծնողներ, որոնք իրենց տղա երեխաներին արդեն 15 տարեկանից երկրից դուրս են փորձում հանել՝ այդ կերպ փորձելով խուսափել զինվորական ծառայությունից:
Սարգսյանի համոզմամբ՝ չկա նման խնդիր, թեպետ ասուլիսներից մեկում Սարգսյանը նշել էր, որ պետությունը չի կարող բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր ուզում են իրենց երեխաներին մինչ 18 տարին լրանալը, կոպիտ ասած, փախցնել երկրից: Հայաստանում, ըստ պաշտոնական թվերի, ապրում է 2,7 միլիոն մարդ, այսինքն՝ նախկին մարդահամարի համաձայն՝ երկրից մոտ 300 հազար մարդ այս տարիների ընթացքում գնացել է: Ասել, թե սրանք պայմանավորված են բացառապես երկրում կիսապատերազմական վիճակով, սխալ կլինի, քանի որ Հայաստանում բազմաթիվ հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց հիմնական բողոքը վերաբերում է արդարության բացակայությանը:
Խնդիրն այն է, որ նույնիսկ այս դեպքում երաշխավորված չէ օրենքի լիարժեք կատարումը, ու արտագաղթ լինելու է ոչ թե նրա պատճառով, որ մարդիկ չեն ուզում՝ իրենց երեխան գնա ու դառնա մսաղացի բաժին, այլ բացառապես նրա համար, որ այսօր էլ, վաղն էլ լինելու է արտոնյալների հատուկ դաս, որի ներկայացուցիչները նույնիսկ այս պայմաններում հաջողելու են իրենց երեխային ազատել ծառայությունից: