Իրանական մամուլում այս օրերին Ադրբեջանի վերաբերյալ երկու ուշագրավ քննարկում է ընթանում: Առաջինն առնչվում է ադրբեջանցիների ինքնությանը, իսկ երկրորդը՝ Բաքվի կողմից շիաների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին, որոնք, ըստ պարսկերեն աղբյուրների, համակարգվում են Իլհամ Ալիևի տիկնոջ, նույն ինքը' Մեհրիբան Արիֆ Ղիզի Ալիևայի կողմից:
Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների ինքնությանը' ներկայացնելով 20-րդ դարի սկզբին «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծման հանգամանքները և պատմական փաստերը՝ կասկածի տակ դնելով Բաքվի՝ Հարավային Կովկասի պատմությունը կեղծելու քաղաքականությունը:
Հետաքրքրական է, որ հոդվածի հեղինակը հատկապես ուշադրություն է հրավիրում ժամանակակից գործընթացների վրա՝ նշելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից և Բաքվի կողմից անկախության հռչակումից անցել է շուրջ 30 տարի, դեռ Արաքսի հյուսիսում չեն կողմնորոշվում՝ իրենք «ադրբեջանցի» են, թե «թյուրք», իրենց լեզուն «ադրբեջաներենն» է, թե «թյուրքերենը»:
Այդ համատեքստում պետք է ընդգծել, որ քանի դեռ Ադրբեջանում ինքնության փնտրտուքի մեջ են, ԱՀ ղեկավարները՝ ի դեմս Իլհամ Ալիևի, փորձում են խաղարկել այդ հարցը. օրինակ՝ Ալիևը Թուրքիա կատարած այցի ընթացքում իր թուրք գործընկերոջը դիմում է որպես «սիրելի եղբայր», Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի մասնակիցների առջև ներկայանում է որպես «իսլամական աշխարհի ներկայացուցիչ», դե, իսկ Իրան այցելելիս էլ ներկայանում է որպես «բարեպաշտ շիա հավատացյալ»:
Իհարկե, Իրանի հոգևոր-քաղաքական դասը քաջատեղյակ է դրա մասին, սակայն լավ է, որ դրա մասին հաճախ է բարձրաձայնվում նաև Իրանի փորձագիտական շրջանակների և առաջատար պարբերականների կողմից: