Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել
Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Վրաստանի ու Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներ Վլադիմիր Չաչիբայի եւ Հուլուսի Աքարի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության եւ տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերի համատեղ պահպանման եւ այլ հարցեր։
Բանակցությունների մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչպես նաեւ Թուրքիայում եւ աշխարհում տեղի ունեցող որոշ քաղաքական գործընթացներ։
Կողմերը միանշանակ կողմ են արտահայտվել տարածքային ամբողջականության պահպանմանը։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել համագործակցության վերաբերյալ համատեղ արձանագրության ստորագրումը։
Երեք երկրները տնտեսական, էներգետիկ–տրանսպորտային սերտ կապերի շնորհիվ յուրահատուկ կոալիցիա են ձևավորել տարածաշրջանում, իսկ ռազմական համագործակցությունը խոսում է ռազմավարական բնույթի փոխգործակցության մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային ծառայությունները վերջերս պայմանավորվել են հեշտացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ապրանքների տարանցման ընթացակարգերը և սահմանել այսպես կոչված մի «պատուհանի սկզբունք»՝բեռները երեք երկրների տարածքով տարանցելու համար: Չմոռանանք, որ այդ նույն սկզբունք է սահմանվելու շուտով նաև Ադրբեջան-Ղազախստան բեռնափոխադրումների (Բաքու-Աքթաու լաստանավային փոխադրումների) համար: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա նավթագազային նախագծերին գումարվելու է նաև տրանսպորտային տարրը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տեսքով, ինչպես նաև Բաքվից դեպի Բաթումի արագընթաց ավտոմայրուղու տեսքով՝Սև ծով-Կասպից ծով միջանցքի ձևավորման համատեքստում:
Բացի այդ, երեք երկրներն ամեն տարի համատեղ զորավարժություններ են իրականացնում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ և տարածաշրջանային տերություն զինում, մարզում է վրացի և ադրբեջանցի զինվորականներին՝ռազմա-տեխնիկական և այլ համագործակցության ֆորմատներով: Երեք երկրները միավորելու են նաև իրենց էներգետիկ համակարգերը՝«Էներգետիկ կամուրջ» կոչվող ծրագրի շրջանակներում ՝էլէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով ուղղվելու է Թուրքիա, իսկ որոշ ամիսներին Թուրքիայից ուղղվելու է հակառակ ուղղությամբ:
Չմոռանանք, որ Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈՒԱՄ անդամ են: Արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով երեք երկրները գործում են միասնական ուղենիշներով՝ՌԴ-ը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման՝Մոսկվայի հարավկովկասյան գլխավոր դաշնակից ՀՀ-ի մուկուսացման համար: Թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության մասին Վրաստանի վրա շատ է խոսվում, սակայն Հայաստանը պետք է այդ եռյակից փորձի դեպի իր կողմ քաշի Վրաստանը:
Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը՝գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության ՝«կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով՝ պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձեն կտրել այդ ճանապարհը, կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր: