Առաջ երկիրը երկիր էր, կյանքն էլ՝ բնական, իսկ հիմա՝ վիրտուալ ու արհեստական։
Առաջ ընկերը ընկեր էր, իսկ հիմա՝ ֆրենդ, առաջ մարդկանց հետ ընկերանալու համար ջանքեր էին գործադրում, իսկ հիմա՝ մեկ կոճակի սեղմում։
Առաջ մարդկանց իրենց բնական գեղեցկության ու մարդկային արժանիքների համար էին գնահատում, իսկ հիմա՝ ֆոտոշոփով արվածի և ուրիշների հռետորական աֆորիզմները կրկնելու համար' Like-ով և Wow-ով։ Առաջ կար մի ժամանակ, երբ մարդիկ ավելի շատ բառերով էին խոսում, իսկ հիմա՝ բառերով գրվում, առաջ ասում էին՝ «Արի հանդիպենք» կամ էլ «Իջիր դուրս, խոսենք»... Իսկ հիմա ավելի շատ ասում են․ «Մտիր չատ (Chat), խոսենք»...
Եթե նախկինում մարդիկ չեն զլացել միմյանց տեսնել, ապա այսօր ասում են' Skype, Viber ունե՞ս, այն էլ՝ այն դեպքում, երբ մոտ հեռավորության վրա են։
Առաջ կյանքը ուրիշ էր, իսկ հիմա՝ էլեկտրոնացված ու ինովացված։
Առաջ մարդիկ իրենց ներքին գաղտնիքների խոհանոցն ունեին, իսկ հիմա ամեն ինչ դնում են ի ցույց ամբողջ աշխարհի, առաջ համեստություն ու զսպվածություն կար, իսկ հիմա՝ ցուցամոլություն ու թիթիզություն։ Առաջ մարդիկ միմյանց աչքերի մեջ նայելով և երեսին էին ասում իրենց կարծիքը, իսկ հիմա՝ ֆեյքերով ու comment-ով։
Առաջ էն մարդիկ, ում համար թև ու թիկունք ես եղել, հիմա թիկունքից են հարվածում, ում պատիվը պահել ես, երբ ոչ մեկ չէր համարձակվում պահել, հիմա քո պատվի հետ են խաղում, առաջ մարդիկ շնորհակալ էին, իսկ հիմա՝ անշնորհակալ և ուրացող։
Առաջ մարդիկ իրենց կյանքով էին ապրում, իսկ հիմա՝ ուրիշի կյանքով, առաջ մարդիկ իրենց մարդկությամբ և իրական արարքներով էին հպարտանում, իսկ հիմա՝ Like-երի ու подписчик-ների քանակով։
Առաջ մարդիկ իրենց էմոցիաները, սերն ու հիացմունքը բառերով էին արտահայտում, իսկ հիմա՝ սմայլիկներով:
Առաջ մարդիկ իրենց սերը և միմյանց իրական կյանքում էին փնտրում, իսկ հիմա' поиск-ի կոճակով:
Առաջ մարդիկ իրենց աշխատավայրերում իրենց աշխատանքով էին զբաղվում, իսկ հիմա Zuma-են խաղում, շարիկ են տրաքացնում ու ֆերմա են աճեցնում։
Առաջ մարդիկ իրենք իրենց ենթագիտակցական բնազդով և կարծիքներով էին առաջնորդվում, իսկ հիմա՝ թելադրվող պրոպագանդայով, առաջ մարդիկ հավատում էին փաստերին, իսկ հիմա՝ անհայտ ծագումի մատուցվող ապատեղեկատվությանը։
Առաջ շինարարը շինարար էր, գիտնականը' գիտնական, կոշկակարը կոշկակար էր, հաշվապահն էլ՝ հաշվապահ, սակայն այսօր ոնց նայում ես, գրեթե բոլորը դեմագոգ են ու քննադատ, վերլուծաբան ու սրամիտ գյուտարար։
Առաջ ուրիշ էր, ու ես կարոտում եմ այդ առաջվանը, սակայն ինքս էլ համակերպվում եմ ներկային։