Երեկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարություն տարածեց, որտեղ նշեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն։ Սա երևի եթե նախագահական մակարդակում կլինի նրանց վերջին հանդիպումը, որտեղ, ըստ էության, դժվար որևէ էական պայմանավորվածություն ձեռք բերվի։ Եվ ուրեմն՝ հարկ է ամփոփել Սարգսյանի ու Ալիևի նախագահության շրջանում նրանց հանդիպումները։ Դրանք, ի տարբերություն, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների հանդիպումների, շատ ավելի գունեղ էին ու իրադարձություններով հարուստ։


Սարգսյանի նախագահությունն, առհասարակ, բավականին հակասական տրամադրություններ է ստեղծում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ երկրի առաջին դեմքը դառնալուց հետո Սարգսյանը շեշտը դրեց հենց արտաքին քաղաքականության վրա՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների իր տեսլականն արձանագրությունների տեսքով։ Ղարաբաղյան հիմնահարցում Սարգսյանն իսկապես ուներ այլ մոտեցում, ի տարբերություն իր նախորդի, ու կողմնակից էր իսկապես բանակցությունների միջոցով հարցը կարգավորելուն։ Ասել, թե դրա համար նա ոչինչ չի արել, նշանակում է ոչինչ չասել, դա երևում էր և՛ նրա որդեգրած քաղաքականությունից, և՛ լեքսիկոնից, և՛ պահվածքից։ Մի շարք փաստաթղթեր շրջանառվեցին, որոնց շուրջ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել են այս տարիների ընթացքում։


Սկզբում Մադրիդյան սկզբունքներն էին, որոնք հետագայում վերաձևակերպվեցին որպես Կազանյան փաստաթուղթ՝ 2012 թվականին համանուն քաղաքում ձեռք բերված պայմանավորվածությունների համար, սակայն, մեծ հաշվով, էական փոփոխություններ այդ փաստաթղթերում չկային, որովհետև եթե լիներ, սայլը տեղից ինչ-որ չափով կշարժվեր։ Փոխարենը մի քանի անգամ՝ հատկապես սկսած 2014 թվականից, ամառային շրջանում լարվում էր իրավիճակը սահմանին, որի գագաթնակետն Ապրիլյան պատերազմն էր 2016 թվականին։


Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը տվեցին բազմաթիվ զոհեր, բնականաբար, Ադրբեջանն ավելի շատ, քանի որ հարձակվող կողմ էր, որի արդյունքում նրանց հաջողվեց 800 հեկտար հող գրավել հայկական դիրքերում, սակայն պարզ է, որ դա այն չէր, ինչի համար Ադրբեջանը ռազմական գործողություններ էր նախաձեռնել սահմանում։ Այս հանդիպումը երևի թե կգա ամբողջացնելու բանակցությունների այն փուլը, որը ունենք մինչ այսօր։ Պարզ է, որ նախագահական մակարդակով հանդիպումներն, իհարկե, ավարտվում են, սակայն դա չի նշանակում, թե սա Սարգսյանի ու Ալիևի վերջին հանդիպումն է։ Համենայն դեպս, ամեն ինչ գնում է նրան, որ ՀՀ գործող նախագահը Ադրբեջանի նախագահին կհանդիպի արդեն ուրիշ կարգավիճակով։ Իսկ թե ինչ կարգավիճակով, կիմանանք մի քանի ամսից։


Կարեն Համբարձումյան