Երեկվա ԱՊՀ ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին երկիմաստ էր։ Արդեն խոսվել է այն մասին, որ իրականում Սարգսյանի ելույթը, համեմատած այլ ելույթների հետ, բավականին կտրուկ էր ու ոչ միատարր։ Ամենայն հավանականությամբ, որոշակի թեմաների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի ընդգրկման, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցի վերաբերյալ հետևյալն էր. Հայաստանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ԵԱՏՄ ներգրավել Ադրբեջանին։

 

Փոխարենը նոյեմբեր ամսին, ենթադրվում է, որ Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ ԱՊՀ-ում կտրուկ տոնով խոսելը կարող է նշանակել շատ բան, մասնավորապես՝ այն, որ միգուցե Սարգսյանը զգում էր, որ ԵՄ հետ պայմանագիրը գուցե և չկնքվի, և դրանով փորձում է հավելյալ բոնուսներ քաղել Ռուսաստանից։ Սա, իմիջիայլոց, նոր գործելաոճ չէ, սակայն, ի տարբերություն, օրինակ, 2013 թվականի, այս անգամ Հայաստանն իրեն ապահովագրում է։ Հասարակության կողմից լայն քննարկման թեմա դարձավ ընտանեկան բռնության կանխարգելման հարցը, որը քննարկվեց հանրային ձևաչափում ու, ըստ էության, ձախողվեց։ Ասել է, թե՝ հասարակությունը պատրաստ չէ դրան, մինչդեռ հսկայական միջոցներ են ներդրվել դրա համար (12 միլիոն եվրո):

 

Եվ այս պարագայում ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը չստորագրելու պարագայում Հայաստանը դրա դիմաց պետք է ինչ-որ բան ստանա (դա կլինի գազի նմազման տեսքով, Իրանից այլընտրանքային գազ ստանալու տեսքով, զենքի՝ ավելի մատչելի գներով ձեռք բերելու հնարավորության տեսքով և այլն): Այնպես որ, կարող ենք փաստել, որ նոյեմբերին սպասվող իրադարձությունների ֆոնին դեռևս շատ լուրջ հակադրություններ կան Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է հնարավորը Հայաստանին ԵՄ-ից հետ պահելու համար, սակայն, ի տարբերություն 2013 թվականի, այս անգամ հստակ ինչ-որ գին պետք է վճարի դրա դիմաց։