Չգիտեմ, թե տնտեսագետներն այդ երևույթն ինչպես են կոչում, բայց ժողովրդի ձեռքին պետք է շատ փող լինի, դա կարելի է ներարկել թոշակների կամ աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբ։ Եթե դեռևս 50-60 հզ դրամ աշխատավարձ և դրանից ցածր թոշակ կա, ապա տնտեսական ակտիվություն կամ, ինչպես ասում են, մուլտիպլիկատիվ էֆեկտ լինել չի կարող։
Մարդը պետք է ամսվա ընթացքում գոնե երկու անգամ կարողանա գնալ ռեստորան, կինո, սրճարան, հանգստյան տուն ընտանիքի հետ և այդ պրոցեսի ընթացքում նա, բնականաբար, գումար է թողնում, այդ գումարը գնում է մասնավորին, մասնավորը աշխատավարձ է տալիս կամ բարձրացնում, ու այսպես ստեղծվում է ակտիվություն։ Եթե շատ փող չկա 70-80 տոկոսի մոտ, ապա անհնար է տնտեսական ակտիվությունը։
Մարդը հնարավորինս քիչ կօգտվի ծառայություններից ու կգնի միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ, ավելին՝ հացը կսկսի ինքը թխել, սրճարանի ու ռեստորանի փոխարեն հարևաններով կամ ընկերներով տանը թեթև կհավաքվեն և այսպես շարունակ։ Կարծում եմ՝ ասածներս ծիծաղելու չափ պարզ են ու հասկանալի նույնիսկ փոքրերի համար։ Իսկ եթե մենք ուզում ենք գործարան կառուցել, ապա դրա արտադրանքի սպառողը պետք է նախ լինի, եթե դա չկա, ինչքան էլ կառուցենք, արդյունքը շատ ցածր կլինի։