Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները:


Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ, ով զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը: Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Սակայն, առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել, որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել: Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր:
Բաքվում, բացի իրենց ձայնից, 100% համոզված էին, որ Փոլադ Բյուլբյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:


Քվեարկության արդյունքներից կարելի է ասել, որ Ադրբեջանի «ծնողներից» կամ Ռուսաստանն է խաբել Ալիևին, կամ էլ Իլհամ բաբային «դավաճանել» է Թուրքիան:


Չեմ զարմանա, եթե պարզվի, որ «դավաճանը» Էրդողանը լինի: Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով: Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին:


Հ.Գ.Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլ-բյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը: Երևի ամաչում են կամ նրանքել են փնտրում «դավաճանին»:


Գագիկ Համբարյան