Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: «Սակայն Ռուսաստանից բացասական պատասխան չի եղել»,-նշել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարն այս մասին հայտնել է «Աքշամ» օրաթեթրթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է razm.info-ն։
Չավուշօղլուն պատասխանել է այն հարցին, որ «անհայտ» ռուսաստանյան աղբյուրից նշել են, թե տեխնոլոգիական համագործակցություն չի լինելու Ս-400-ների շուրջ.
«Չգիտենք այդ հայտարարությունը ումից է եկել: Մենք միջին և երկար ժամկետներում արտադրության հարցում սկզբունքորեն պայմանավորվել ենք: Եթե ռուսները դրան կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք: Բայց մեզ պաշտոնապես բացասական տեղեկություն չի եկել: Պուտինն անձամբ ասաց, որ, ես էլ էի այդ հանդիպմանը,. «համատեղ արտադրության հարցում միասին կարող ենք քայլեր ձեռնարկել, տեխնոլոգիան էլ նորացվում է, 500-ներն [Ս-500՝ խմբ.] են գալիս»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից համակարգեր գնելուն, ապա Թուրքիայի արտգործնախարարը հստակ հասկացրել է, որ իրենք նման ՀՕՊ համակարգերի անհետաձգելի կարիքներ ունեն ու պետք է գնեն Ս-400-ներ: Նա ավելացրել է, որ իրենք կցանկանային ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել, բայց վերջիններս հրաժարվել են վաճառել:
Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարություններց հետո ռուս լրագրողների այն հարցին, թե «Թուրքիան կարող է հրաժարվել Ս-400-ների գնումներից, եթե համատեղ արտադրության շուրջ համաձայնության չհասնեն», ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է.
«Ես կարող եմ ասել, որ փորձագիտական մակարդակում այս գործարքի համատեքստում շփումները և բանակցությունները շարունակվում են»: