Պետությունը՝ որպես հավաքական մարմին, մշտապես պետք է միտված լինի զարգացման, որովհետև միայն այդպես է հնարավոր այն պահպանել։ Պահպանել ասելով նկատի ունենք պետական ինստիտուտները, հասարակության միասնականությունը և նույն տիրույթում շարունակաբար գոյատևելու կուլտուրան։ Եթե դա չկա, պետություն հասկացությունը դառնում է սիմվոլիկ։ Բնականաբար, այս ամենի հիմքում պետության անվտանգությունն է, որը, սակայն, ոչ թե պետք է լինի ճարահատյալ ռազմական պարտավորություն, այլ՝ նախ և առաջ՝ հայկական շահի առհավատչյա։
Օրերս Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը մի հետաքրքիր արտահայտություն արեց, որը, մեծ հաշվով, իրականություն է, սակայն քաղաքական ու պետական ընկալման առումով, ցավոք, լավատեսության հույս չի ներշնչում։ Աշխարհաքաղաքական այս փուլի զարգացումներից խոսելիս Իսագուլյանը նշեց, որ Հայաստանը մշտապես եղել է այս կամ այն քաղաքակրթական բախման կիզակետում, միշտ ստիպված է եղել ընտրություն կատարել արևմուտքի ու արևելքի, հյուսիսի ու հարավի միջև, սակայն փորձել է ռազմական բալանս պահել, ինչի շնորհիվ մինչ այսօր գոյատևել է։ Սա, իհարկե, ճիշտ է, սակայն հատկանշական է Իսագուլյանի մյուս հայտարարությունն առ այն, որ այս փուլում մենք շահելու բան չունենք, ու մեր խնդիրը եղածը պահպանելն է։ Այսինքն՝ հայ-ռուսական զորամիավորումը չի դիտվում Հայաստանի հետ ռազմական հաջողությունների բաղկացուցիչ մաս, այլ ավելի շատ, երբ, օրինակ, Հայաստանին ֆիզիկական վտանգ սպառնա, միգուցե այդ զորամիավորումը փրկի Հայաստանին իսպառ ոչնչացումից։ Միայն այս պարագայում է հնարավոր ինչ-որ կերպ հասկանալ այս տրամաբանությունը, սակայն փաստենք, որ Հայաստանը վաղուց, այսպես կոչված, հաղթողական քաղաքականություն չի վարում, այլ ավելի շատ՝ եղածը պահպանելու։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ շատ հանգամանքներ կան, բայց փաստը մեկն է, և այն ինչքան շուտ հասկանանք, այնքան ավելի լավ։