Վերադառնանք ԵԱՏՄ-ից դուրս-գալ չգալու դիսկուրսին, նամանավանդ, որ տպավորություն է ստեղծվում, թե թեման արծարծողների համար հարցի տնտեսաքաղաքական ասպեկտը բացարձակ չի հետաքրքրում, որովհետև ԵԼՔ-ականները խոսում են ամեն բանից, բացի թվերից, իսկ երբ թվերից են խոսում, ավելի լավ է չխոսեն, որովհետևր ակնհայտ է, որ մարդիկ հարցի թվային մասին բացարձակ չեն տիրապետում, իսկ երբ խոսում են Հանրապետականները, տպավորություն է, որ ԵԱՏՄ-ում մնալու թեզերը վերցվել են Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանից»:
Մենեջմենթում ընդունված է SWOT անալիզ ասվածը, կամ էլ գոնե ռիսկերի մենեջմենթը: Դա հատուկ նրա համար է արվում, որ բիզնեսի կառավարման ժամանակ զբաղվեն հնարավորությունների ու ռիսկերի ընկալմամբ և ըստ այդմ՝ արդյունավետ քայելր ձեռնարկելով: ԵԱՏՄ-ի շուրջ դիսկուրսում խոսվում է գրեթե ամեն ինչից, բացի դրանից դուրս գալու սցենարում առկա ռիսկերից: Փոխարենը՝ հնարավորություններից են պատմում, որոնք երբեմն այնքան գունավոր են, որ մարդ վախենում է երազախաբ լինել:
Ամենատարածված սպեկուլյատիվ հնարքն էլ Արևմտյան Եվրոպայի հետ առևտրատնտեսային հարաբերությունների մասին շահարկումներն են: Հարց. մեզ ի՞նչն է խանգարում ԵԱՏՄ-ի կոնտեքստում՝ ԵՄ-ի հետ տնտեսական կապեր զարգացնելու հարցում: Արդեն 4 տարի է ԵԱՏՄ-ում ենք ու մեր արտահանման մի զգալի մասը շարունակում է գնալ ԵՄ՝ առանց որևէ խոչընդոտների: Ասել է, թե այս մասով հասկանալի չէ, թե ինչով է ԵԱՏՄ-ն խանգարում ԵՄ-ի հետ բիզնես անելու տնտեսության համար առավել կարևոր՝ արտահանման ոլորտում:
Մյուս կողմից, ո՛չ ԵԼՔ-ը, ոչ էլ տարատեսակ լրագիրա-ազատություն.էյեմներ այդպես էլ ոչ մի հստակ ռիսկերից չեն խոսում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենարի դեպքում: Դուրս գալը բացահայտ մարտահրավեր է ու կոնֆրոնտացիա՝ ուղղված Ռուսաստանին: Ընդ որում, նկատե՛ք, ես չեմ ասում, որ դուրս գալ պետք չէ, կամ մնալ է պետք: Ես ընդամենը հարցնում եմ, թե ի՞նչ լուծումներ են տեսնում վարդագույն տնտեսական հեռանկարներ նկարողները իրավիճակներին, որոնցում Ռուսաստանը կիրառի իր տնտեսական լծակները՝ թանկացնի գազը, սկսի հետ ուղարկել խոպանչիներին, թանկացնի Ռուսաստանից ներկրվող սննդամթերքը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքները:
Նշված բոլոր ռիսկերն էլ առավել քան իրական են ու ես սկզբունքորեն չէի պնդի, որ դրանց հետևանքները չեզոքացնելն, կամ էլ գոնե մինիմիզացնելը անհնար է, բայց ողջ թեման էլ դա է՝ ուզում եմ լսել, թե ինչպես են պատրաստվում անել դա, ինչ ժամկետներում, ինչ ռեսուրսների հաշվին, հակառակ դեպքում, բոլոր խոսակցությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ավելին չեն, քան կենացասածություն ու դատարկաբանություն: